Յոգայի բաց դաս՝ Թումոյի այգում (տեսանյութ)
Մի քանի տասնյակ մարդիկ Թումանյանի այգում (Թումոյի այգի) փռել էին գորգերն ու հաճելի երաժշտության ներքո վարժություններ էին կատարում։ Յոգայի բաց դասը համախմբել էր տարբեր տարիքի ու մասնագիտության անձանց։ Պատահական չէ ընտրված օրը. այսօր Յոգայի միջազգային օրն է։
«Շատ տպավորված եմ։ Ես միշտ սիրել եմ յոգա։ Ինչ-ինչ պատճառներով չեմ շարունակել զբաղվել յոգայով։ Քանի որ այսպիսի դասընթաց էր լինելու, և մեր կազմակերպությունը հրավիրվեց, բնականաբար, որոշեցինք գալ և մասնակցել»,-նշեց «Ունիսոն» ՀԿ ներկայացուցիչ Շուշան Նահապետյանը։
«Այսօր աշխարհն ունի 3 հիմնական խնդիր. էկոլոգիական, հարաբերությունների, նկատի ունեմ՝ սոցիալական, միջանձնային և երջանիկ մարդու խնդիրը։ Առաջին երկու խնդիրները ստեղծում է ապերջանիկ մարդը։ Յոգան լավագույն գործիքակազմն է, որպեսզի մարդը վերադառնա ներդաշնակության»,-նշեց Ապրես Զոհրաբյանը։
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից։ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբու Թադիպանենին նույնպես բոլորի հետ կատարում էր յոգայի վարժությունները։