Թալիշցիները պատրաստ են հետ գրավել Թալիշի հենակետը
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Թալիշը դարձել է չեզոք գոտի. Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին թալիշցիները: Նրանց խոսքով՝ պատերազմի օրերին տարհանման, ապա նաև բնակեցման հարցում թալիշցիները պետական որևէ աջակցություն չեն ստացել:
«Մենք հանդիպեցինք Բակո Սահակյանի հետ, որի ընթացքում նրանց կողմից եղավ առաջարկ՝ գնալ, ժամանակավորապես բնակվել Ալաշանում և Քոլատակում, որտեղ կիսակառույց տներ կան, սակայն մինչ օրս որևէ թալիշցի չի արձագանքել»,-ասաց «Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մելիտա Խալափյանը: Որևէ այլ առաջարկ կամ օգնություն պետական մակարդակով թալիշցիներին չի եղել: Նրա խոսքով՝ թալիշցիների մեջ վախ կա, և բնական է, որ նրանք չեն ցանկանում վերադառնալ, սակայն չպետք է Թալիշը թողնել թշնամու վերահսկողության տակ: Այդ նպատակով հիմնադրամը մշակել է ծրագիր և ներկայացրել ՀՀ և ԼՂՀ իշխանություններին: «Մենք մտադիր ենք Թալիշին շատ մոտ ավան, թաղամաս կառուցել, որտեղ կբնակվեն բացառապես կամավորներ: Նրանք այնտեղ կզբաղվեն հողագործությամբ, տնտեսությամբ և կկարողանան անհրաժեշտության դեպքում պաշտպանվել»,- ասաց հիմնադրամի անդամ Էդուարդ Պալատովը: Նրա խոսքով՝ դա բյուջեի համար կոպեկներ կարժենա: Թալիշցիները նաև պատրաստ են գումարտակ կազմել և հետ գրավել Թալիշի հենակետը, որի վրա այսօր ադրբեջանցիներն իրենց դրոշն են ամրացրել, պարզապես դրա համար պետք է իշխանությունների թույլտվությունը: Ասուլիսին ներկա էր նաև Թալիշի հայոց լեզվի ուսուցչուհին, որն օրերս է վերադարձել այնտեղից: Նա փաստում է՝ գյուղը հիմնահատակ ավերված է, և հնարավոր չէ այնտեղ ապրել: