Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայերն սկսել են հետաքրքրվել ճանաչողական տուրիզմով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
kaxak

Թեեւ  դեռ  թեժ ամառ չէ,  հայաստանցիներից շատերի համար  հանգստի սեզոնը մեկնարկել է։ Պատճառն այն է, որ հունիսին առաջարկվող փաթեթներն ավելի էժան են։   Դա վերաբերում է ինչպես  Հայաստանում, այնպես էլ արտերկրում առաջարկվող փաթեթներին։  Արձակուրդը , որպես կանոն, կազմակերպվում է ոչ թե ցանկության, այլ բյուջեի թելադրանքով։ «Ես թոշակառու եմ, ոչ մի տեղ չեմ գնում, ես իմ ամառային հանգիստն անցկացնում եմ ջրի ափին ձուկ բռնելով՝  Սեւանում, Հրազդանում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց երեւանցիներից մեկը:  «Քանի որ դուրս մեկնելը մի քիչ ավելի վտանգավոր է հիմա, երեւի Հայաստանում ավելի լավ կլինի, ավելի ապահով կզգանք մեզ»,-նշեց մեկ այլ քաղաքացի: Երեւանցիներից շատերն էլ պնդում են, որ նախընտրում են արտերկրում հանգստանալ, քանի որ Հայաստանում ծով չկա: «Նախընտրում ենք  այնպիսի վայր լինի, որ սարեր չլինեն, որովհետեւ Հայաստանի սարերից արդեն հոգնել ենք, ուզում ենք նորություններ ու դրա համար եվրոպական երկրներն ենք նախընտրում»,-ասաց երիտասարդներից մեկը: Նոր ավիափոխադրողների մուտքը  Հայաստան  թեեւ առաջացրել է մրցակցություն ավիատոմսերի շուկայում, սակայն էականորեն չի ազդել գների իջեցման վրա։ Green Way տուրիստական գործակալության մարքեթինգի բաժնի ղեկավար Շուշան Սարգսյանի խոսքով՝ գները թանկ են, սակայն չարթերային չվերթները կազմակերպվում են այնպես, որ հասանելի լինեն գոնե միջին խավին: Մասնագետը պնդում է՝ կախված մարդու նախասիրություններից՝ ցանկացած երկրում էլ հնարավոր է մատչելի հանգիստ կազմակերպել։ Այնուամենայնիվ, հայ զբոսաշրջիկի համար համեմատաբար մատչելի կարող են լինել Չեխիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները։  7 օրյա հանգիստը  կարժենա 350-600 եվրո։ «Այս տարի կա հետաքրքվածություն նաեւ ուղղակի ճանաչողական տուրիզմի, այսինքն՝  մարդիկ եվրոպական քաղաքներում զուտ ճանաչողական այցեր են կազմակերպում»,-ասաց Շուշան Սարգսյանը: Տուրիստական գործակալության տվյալներով՝ Հայաստանից ամենաշատը մեկնում են հանգստի Իտալիա, Չեխիա, Իսպանիա, Կիպրոս, Բուլղարիա, Մալդիվյան կղզիներ։