Ձերբակալվածներն արհեստավարժ մասնագետներ են. նախարար
Առողջապահության նախարարության աշխատակիցների ձերբակալության գործով հետաքննությունը շարունակվում է, արդեն մոտ երկու տարի է՝ այդ գործով զբաղվում է Քննչական կոմիտեն: Այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ու հիշեցրեց, որ գործն ուղեգրերի հետ է կապված: Նա հիշեցրել է, որ նախարարությունը ուղեգրերի իրացումներում խախտումներ էր կասկածում դեռ 2014-ին։ «Երբ այդ հարցն օրակարգ եկավ, դիմեցինք իրավապահ մարմիններին, հարուցվեց համապատասխան գործ»: Այս պահին ԱՆ աշխատակիցները ազատվել են՝ ստորագրությամբ երկրից չբացակայելու պայմանով: Արմեն Մուրադյանը նրանց բնութագրեց որպես արհեստավարժ մասնագետներ. «Համոզված եմ, որ որևէ անմեղ մարդ չի դատապարտվի: Մենք որևիցե միջնորդություն դեռ չունենք, որ նրանք աշխատանքից ազատվեն կամ դադարեցնեն լիազորությունները, եթե կունենանք նման միջնորդություն, կարձագանքենք»,- նշեց նախարարը: Թե որ հանգստյան գոտիների համար են եղել այդ ուղեգրերը, նախարարը չպատասխանեց՝ հորդորելով ճշտել քննչական մարմնից: Նա նաեւ դժվարացավ ասել, թե որքան գումարի վնաս է կրել նախարարությունն այդ կեղծ գործարքներից: