Ցուցահանդես՝ նեգատիվ եւ լուսավոր կողմերով (տեսանյութ)
Տնտեսագետ, պարուհի ու հիմա նաեւ՝ լուսանկարիչ Աննա Շաշիկյանը բացել է իր առաջին՝ դիմանկարների ցուցահանդեսը: Աննան սկսել է նկարել 3 տարի առաջ, բայց լուսանկարչությամբ հետաքրքրվել է մանկուց: Չնայած ուրիշ մասնագիտական կրթություն է ստացել, բայց հասկացել է, որ կյանքն առանց ֆոտոխցիկի չի պատկերացնում:
Իր առաջին ցուցահանդեսի նկարները նա արել է 3 տարվա ընթացքում: Ֆիքսել է ոչ միայն հայ մարդու կերպարը, այլ նաեւ՝ այլազգիների. «Նկարել եմ նաեւ Վրաստանում, Եգիպտոսում, Դուբայում, փորձել եմ ցույց տալ նրանց կերպարները, որպեսզի նայելուց հասկանալի լինի նրանց հոգեբանությունը, թե էմոցիանները, թե զգացմունքները»:
Աննան այսօր աշխատում է իր բոլոր՝ երեք մասնագիտություններով: Խոստովանում է, որ հեշտ չէ, բայց հասցնում է. «Ինչքան մարդ զբաղված է, այնքան շատ բան է հասցնում: Դրանում համոզվել եմ սեփական օրինակով»:
«Ոգեշնչում» խորագրով ցուցահանդեսի լուսանկարները բաժանվում են երկու մասի: Մի մասը լուսավոր, գունավոր նկարներ են, մյուս մասը՝ սեւ եւ սպիտակ . «Փորձել եմ ցույց տալ, որ թե՛ սեւ ու սպիտակի, թե՛ գունավորի մեջ կան նեգատիվ եւ լուսավոր կողմեր: Այսինքն կարող է լուսավոր նկարը լինել բացասական էմոցիաներով ու հակառակը՝ շատ մռայլ նկարն ունենա դրական լիցքեր»:
Լուսանկարչուհին չի հերքում՝ նաեւ հարսանիքներ ու ծնունդներ է նկարում: Փորձում է այդ միջոցառումներին էլ ստեղծագործ մոտենալ եւ գտնել «կերպարներ»:
Ցուցահանդեսում ներկայացված լուսանկարները նաեւ կվաճառվեն: Նկարների արժեքը 25,000- 80,000 դրամ է: Ստացված հասույթով Աննան որոշել է նոր ցուցահանդես բացել. «Արդեն նկարել եմ մանկատան երեխաներին, ուզում եմ էլի նկարել եւ առանձին ցուցահանդես բացել»:
Ցուցահանդեսը Stand pub-ում կգործի մինչեւ հունիսի 24-ը, իսկ հետո այն կտեղափոխվի «Առնո Բաբաջանյան» համերգասրահ: