Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուզո՞ւմ եք առավոտներն էլ սուրճ բերենք». «4+4+4»-ում թեժ է (տեսանյութ)

Քաղաքականություն
rob-1

4+4+4 ձևափաչով Ընտրական նոր օրենսգրքի քննարկումից առաջ մասնակից ուժերը միաձայն հայտարարեցին, որ առկա փաստաթուղթը հիմք տալիս է շարունակել քննարկումներն ու գալ կոնսեսուսի։ Ընդդիմադիր և քաղաքացիական ուժերի ներկայացուցիչներն իրենց հետ քննարկման էին բերել «մտահոգությունների փաթեթ», որոնք ներառում էին Ընտրական նոր օրենսգրքում ներառված, իրենց համար ոչ միանշանակ համարվող կետեր։ «Իրավունքի Եվրոպա» ՀԿ ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը հետաքրքրվեց՝ ե՞րբ է ավարտվում նույնականացման նոր քարտերի տրամադրման գործընթացը և ե՞րբ է հրապարակվում դրանք ստացած քաղաքացիների ցուցակը. «Արդյո՞ք հնարավոր չէ անել այնպես, որպեսզի հարցումների միջոցով հնարավոր լինի պարզել՝ կոնկրետ ամսվա ընթացքում քանի հոգի է այդպիսի քարտ ստացել»։ Իշխանական ուժերի կողմը ներկայացնող Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց. «Եթե թիվն է հարկավոր, որևէ խնդիր չկա»։ Ինչպե՞ս է լինելու ընտրության ներկայացած անձի նույնականացման պրոցեսը, ինչպե՞ս է հայտնի դառնալու՝ անձն արդեն քվեարկե՞լ է, թե՝ ոչ։ Այս մտահոգությանը ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն իր օրինակով պատասխանեց. «Տեղամասային ընտրատարածքներում զետեղված է այն մարդկանց մատնահետքերը, որոնք իրավունք ունեն այդ տեղամասում ընտրություն կատարելու։ Եվ եթե ենթադրենք՝ Սահակյան Հովհաննեսն ընտրելու է Սպիտակի 9-րդ դպրոցում, ես մատնահետքս դնում եմ և երևում է էկրանին»։ Քաղհասարակության ներկայացուցիչներին հետաքրքրում էր՝ ի՞նչ է լինելու, երբ սարքը չնույնականացնի անձին։ Իշխանության ներկայացուցիչները «փարատեցին» ընդդիմախոսների կասկածները, պնդելով՝ դա կլինի անձնագրի կամ նույնականացման քարտի միջոցով՝ անձի նկարը համեմատելով։ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանն առաջարկեց անձին չնույնականացնելու դեպքերը 5%-ի շեմն անցնելու պարագայում տվյալ ընտրատեղամասում ընտրության արդյունքները չեղյալ համարել։ Այս առաջարկը հասկանալի չէր Դավիթ Հարությունյանի համար։ Նա հիշեց օդանավակայաններում մարդկանց գրանցումը, որը ևս կատարվում է անձնագրի նկարն ու քաղաքացուն համեմատելու միջոցով։ Քվեարկությունից հետո հնարավոր կլինի իմանալ, թե ովքեր են մասնակցել դրան։ Վստահված անձը կկարողանա՞ պահանջել և ստանալ մասնակիցների թվերը և համեմատել ընտրացուցակի հետ, թե արդյո՞ք տվյալ անձը քվեարկել է։ «Իրավունքի Եվրոպա» ՀԿ ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը հետաքրքրվեց՝ հնարավոր չէ՞ ավելի շատ տեղեկատվություն ստանալ մասնակից անձից, ասենք՝ անձնագրի սերիան։ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հակադարձեց. «Ձեզ հետաքրքրում էր՝ ովքե՞ր են իրականում մասնակցել քվեարկությանը։ Ձեզ ասում ենք՝ քվեարկությանը մասնակցել են համար 1-ը, 3-ը, 7-ը, դուք էլ ինտերնետից կարող եք ցուցակը ներբեռնել ու համեմատել։ Արդեն երրորդ, չորրորդ, հինգերորդ պաշտպանության մասին ենք խոսում»։ Ընտրությանը մասնակից քաղաքացիները համարները հնարավոր կլինի ստանալ քվեարկությունից հետո 40 ժամվա ընթացքում։ Արդյո՞ք հնարավոր չի լինի անել այնպես, որ կուսակցությունը ավելի շուտ կարողանա տիրապետել այդ տեղեկատվությանը։ Դավիթ Հարությունյանին զարմացրեց այսպիսի դիտարկումը. «Եթե որևէ մեկը երազում է ստանալ այդ տվյալները, թող մեկ վստահված անձ ունենա այդ ընտրատեղամասում։ Ես ձեզ ղուրբան, եթե կուսակցությունը որոշել է ոտը ոտին գցել, տեղամասում վստահված անձ չունենա ու հանձնաժողովն էլ կարճ ժամանակում այդ տվյալները տրամադրի կուսակցությանը, էլ ի՞նչ անենք, ուզո՞ւմ եք առավոտներն էլ սուրճ բերենք, արձանագրությունները, բաները...»։ Նա նաև առաջարկեց ընտրության գործընթացներին վերաբերող իրավական հարցերի մեջ շատ չխորանալ, դա թողնել փաստաբաններին։ Ընտրական օրենսգրքի շուրջ Ազգային ժողովում «4+4+4» ձևափաչով քննարկմանը կարելի է հետևել «Ա1+»-ի ուղիղ հեռարձակմամբ։