ՀԱԿ. «Մոտենում ենք բանակցությունների վերսկսմանը» (տեսանյութ)
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի բացառում, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում քաղաքական դաշտում գործող ընդդիմությունից ոչ ոք խորհրդարան չմտնի, նման բան եղել է նաեւ 2007-ին. «Մինչեւ 2007 թվականի եղած ընդդիմությունը ըստ էության չմտավ խորհրդարան, եթե հիշում եք «Արդարություն» դաշինք, Արտաշես Գեղամյանի կուսակցությունը եւ այլն: Եվ առաջացավ իսկապես վակուում ընդդիմադիր դաշտում: Եվ հենց էդ ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանն ակտիվացավ»: Սակայն նոր Սահմանադրությունը պարտադիր է համարում ընդդիմադիր ուժերի մուտքը խորհրդարան: Տեղ է ազատվել նոր ընդդիմադիր ուժերի համար, ասում է պարոն Ռուստամյանը. «Այս ընտրական համակարգը տալիս է հնարավորություն, որ առնվազն 1/3-ի ներկայություն ընդդիմությունն ունենա Ազգային Ժողովում։ Կարող է, օրինակ ասենք, 5 տոկոս հաղթահարել, բայց ըստ Ընտրական օրենսգրքի միանգամից մեկ երրորդի դաշտը ստանա»: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի կարծիքով՝ «Այստեղ ոչ թե Սահմանադրությունը պիտի ինչ-որ երաշխիքներ տա, այլ պետք է լինեն ազատ եւ արդար ընտրություններ: Դա է երաշխավորում, որ ոչ թե ընդդիմությանը պիտի տեղ լինի, այլ միգուցե ընդդիմությունը դառնա իշխանությու՞ն»: Լեւոն Զուրաբյանը պարզաբանում է՝ միջազգային կազմակերպությունների եւ իշխանության հետ կոնսենսուսի շուրջ բանակցությունները շարունակվում են. «Կոնսենսուս կարող է համարվել այն, որը կոնսենսուսի մեջ ներառում է ինչպես կեղծ ընդդիմությանը, այնպես էլ իրական ընդդիմությանը»: Խորհրդակցությունները շարունակվում են նաեւ քաղաքացիական հասարակության հետ: Կարծես թե կոնսենսուսի շուրջ բանակցությունները վերսկսելու խորհրդակցությունները մոտենում են եզրագծին: Լեւոն Զուրաբյանը դրական է տրամադրված. «Մենք մոտենում ենք բանակցությունների վերաբացմանը եւ միգուցե անգամ դրական արդյունքով: Բայց մոտակա ժամկետը չեք կարող ասել: Ես կարծում եմ, որ դա պիտի լինի օրերի հարց»: