Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանն առաջ է անցել Թուրքիայից (տեսանյութ)

Հասարակություն
byurakan

Հայաստանը տարածաշրջանային աստղագիտական կենտրոն է ճանաչվել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանը նշեց, որ կոչումը Բյուրականի աստղադիտարանը կպահպանի մինչեւ 2021 թվականը: «Միջազգային աստղագիտական կենտրոնի որոշմամբ՝ Հայաստանն ընտրվեց որպես տարածաշրջանում գլխավոր երկիր՝ լինելով զարգացման մակարդակով ամենաբարձրն ու ամենահամապատասխանը» ,-ասաց Միքայելյանը՝ հավելելով, որ միջազգային հանրությունը, ցավոք, Հայաստանը դիտարկում է որպես պատերազմական երկիր, իսկ նման երկրների հետ հաճախ խուսափում են համագործակցել, ուստի նման կոչմանն արժանանալն, իսկապես, մեծ ձեռքբերում է: Աստղագետը նշեց, որ տարածաշրջանում աստղագիտական կենտրոն դառնալու հավակնություններ ուներ նաեւ Թուրքիան, սակայն ընտրվեց Հայաստանը: Պարոն Միքայելյանը հավելեց, որ մինչ տարածաշրջանային աստղագիտական կենտրոն համարվելը, Բյուրականը աչքի է ընկել իր գործունեությամբ: «Զավեշտալի է, բայց լինելով փոքր գյուղ, Բյուրականը հայտնվել է աշխարհի այն տասը խոշոր քաղաքների ցանկում, որտեղ ամենաշատն են անցկացվել աստղագիտական պաշտոնական եւ միջազգային համաժողովներ»: Ի դեպ, վերջին երկու ամսում Բյուրականի աստղադիտարանը աստղային նոր օբյեկտներ՝ գալակտիկաներ է հայտնաբերել: