Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պայքարի սկիզբը կլինի վարչապետի հրաժարականը»

Քաղաքականություն
azat

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի համար ԵՏՄ-ն պարզապես ակումբ է, որի անդամ են մի քանի երկրներ։ «Մեր եվրասիական ակումբում կան պետությունների ղեկավարներ, որոնք երկար տարիներ է՝ չեն փոխվել։ Իսկ մեզ մոտ, լավ է, նախագահի՝ գլխավոր կոռուպցիոների ինստիտուտը սահմանադրությամբ վերացվեց մեր երկրում»,-շեշտեց նա։ Հիմա, երբ երկրի վարչապետը հայտարարել է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, պարոն Արշակյանն առաջարկում է հայ ժողովրդին նոր շարժում սկսել. «Կոռուպցիայի դեմ պայքարել նշանակում է՝ երկիրը ժողովրդավարացնել։ Պետք է սկանդալներ, պաշտոնանկություններ լինեն։ Մեր երկրում կա օտար բազա՝ ռուսական զորք, որը կարող է միջամտել մեր գործերին։ Դա նույնպես կոռուպցիայի արդյունք է»։ Գերագույն խորհրդի նախկին պատգամավորը չի հավատում, թե գործադիր մարմնի ղեկավարն ի վիճակի է պայքար մղել կաշառակերության դեմ։ «Վարչապետը ՀՀ գլխավոր կոռուպցիոներներից մեկն է։ Նա չի կարող պայքարել կոռուպցիայի դեմ։ Նա պետք է հրաժարական տա. դա կլինի պայքարի սկիզբը։ Չի կարող այդպես լինել, որ երկիրն աղքատանա, իսկ վարչապետը՝ հարստանա»,-նշեց պարոն Արշակյանը։ Նա հիշեցրեց նաև, որ Եվրոպան Հայաստանին պարբերաբար գումար է տրամադրում՝ կոռուպցիայի և այլ արատավոր երևույթների դեմ պայքարի համար։ «Աշխարհը մեզ փող է տալիս, բայց դա տալիս են նույն այդ կոռուպցիոներներին։ Այսինքն, պանիր են տալիս մկներին, ասում են՝ կրծեք»։ Պարոն Արշակյանը հույս ունի, որ եվրասիական տարածքում նոր «պերեստրոյկա» կսկսվի, նաև՝ դուրս կգանք մեզ պարտադրված բոլոր միություններից։ «Մեր իշխանությունը վասալամիտ է։ Ես էլի եմ ասել, որ Ազգային ժողովը պետք է վերանվանենք Ապազգային ժողով կամ Սերժ Սարգսի անվան ազգային ժողով»։