Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում զգացվում է Եվրո-2016-ի շունչը

Սպորտ
sport-evro-2016-1

Հայաստանի հավաքականը, չնայած չի մասնակցում այսօր Ֆրանսիայում մեկնարկող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը, սակայն վերջինիս շունչը նույնպես զգացնել է տալիս Երեւանում: Առաջին հերթին ավելացել են բուքմեյքերական կետերը: Գովազդային վահանակներից մեկի հերոսը հայտնի դերասան Հայկ Մարությանն է. «Քանի որ Հայաստանի հավաքականը չի մասնակցում Եվրոպայի առաջնությանը, ուստի ես երկրպագելու եմ Չեխիայի ազգային թիմին: Պատճառն այն է, որ կինս այդ երկրից է», - «Ա1+»-ի մարզական թղթակցին հեռախոսով հայտնեց  Կարգին Հայկոն, որն այժմ գործերով գտնվում է Արցախում: Իսկ ահա տարեց ֆուտբոլասեր Սամվել Թովմասյանը Եվրո-2016-ում երկրպագելու է միմիայն Գերմանիայի հավաքականին: «Քանի որ Գերմանիայի Բունդեսթագը վերջերս հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ ընդունեց, ուստի ցանկանում եմ, որ առաջնությունում հաղթեն հենց գերմանացի ֆուտբոլիստները, որոնք ունեն այդ ներուժը, բացի այդ ֆուտբոլային հարուստ պատմություն ունեն», - պարզաբանեց նա: Ընդհանուր առմամբ հայ ֆուտբոլասերները տարբեր ֆավորիտներ ունեն առաջիկա առաջնությունում: Իսկ ահա Հայկական առաջին ճակատ ֆան ակումբի ներկայացուցիչներն այնքան էլ հետաքրքրված չեն Եվրո-2016-ով: «Մեր անդամները տարբեր ակումբների երկրպագուներ են, սակայն երբ խոսքը վերաբերում է հավաքականներին, ապա մենք հետաքրքրվում ենք միայն մեր ազգային թիմով», - «Ա1+»-ի թղթակցին հայտնեց FAF-ի հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանը: