Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աթեշյանին հնարավոր չէ կարգալույծ անել (տեսանյութ)

Քաղաքականություն
aram-nkar

Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի  դեմ Պոլսո Հայոց կաթողիկոսության փոխանորդի հայտարարությունը վկայեց նրա թուլության մասին։ «Տեղապահ Աթեշյանը չի կարողանում գտնել այն ճիշտ հնարավորությունը և լուծումը, որով ինքը կկարողանա հարաբերվել թուրքական իշխանությունների ճնշումների հետ՝ անընդհատ տանուլ չտալով հայկական շահերը և պատրիարքարանի դերը»,- ասում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։ Թուրքական իշխանությունները մշտապես ճնշել են Պոլսո բոլոր պատրիարքներին՝ փորձելով նրանցից կորզել Ցեղասպանության ժխտողականությանը համահունչ հայտարարություններ։ Ի տարբերություն նախորդ պատրիարքների՝ արքեպիսկոպոս Աթեշյանը տեղի տվեց ճնշումներին ու դատապարտեց  Բունդեսթագի որոշումը։ «Երբևիցե չի արձանագրվել նման կարգի հայտարարություն, որը էականորեն կհակասի պատմական իրողություններին, ամբողջ հայության շահերին և կդառնա թուրքական կեղծարարության և ուրացման քաղաքականության բաղկացուցիչ մի մասը»,- նշում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։ Արքեպիսկոպոս Աթեշյանի՝ Էրդողանին ուղղված նամակին արձագանքել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝  շեշտելով, որ  այն բացարձակ կապ չունի ողջ Եկեղեցու և նրա դիրքորոշումների հետ։ Հայաստանցի հոգեւորականները չեն բացառում հարկադրանքի հնարավոր կիրառումը արքեպիսկոպոսի  նկատմամբ։ «Նա այդպիսի քայլի դիմեց, պարզապես փորձում էր մեղմացնել թուրքերի ատելությունը ձևավորված Բունդեսթագի որոշմամբ, որը կարտոներ բացասական արտահայտությունը»,- ասում է Կոմիտաս Վարդապետը։ Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով՝  իրավիճակը շտկել հնարավոր է նոր պատրիարքի ընտրություն անցկացնելու պարագայում միայն, որտեղ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ընտրվելու հնարավորությունը քիչ հավանական է։ Նրան հնարավոր չէ կարգալույծ անել, քանի որ պատրիարք է։ «Հայ համայնքում դժգոհությունները, որոնք կային  Արամ Աթեշյանից, էլ ավելի են մեծացել և միգուցե բողոքի ալիքը կարող է հանգեցնել այլ զարգացումների համայնքի ներսում։ Փաստ Է, որ Արամ Աթեշյանը չի վայելում հայ համայնքի աջակցությունը, դա տեսանելի է»,- նշում է թուրքագետը։ Թուրքիայի հայկական  համայնքի ներկայացուցիչները դատապարտել են Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանի նամակը։ Հայկական «Ագոս» շաբաթաթերթում հրապարակված պատասխան նամակում արքեպիսկոպոսի մտքերը անարգանք են  որակվում նախնիների, Ցեղասպանության զոհերի և  վերապրածների նկատմամբ։