Հանրապետությունում կարկուտ է կանխատեսվում (տեսանյութ)
«Եթե մենք հիմա դժգոհում ենք անձրեւային եղանակից, ապա շուտով առիթ կունենանք դժգոհել շոգից»,- այսօր, ներկայացնելով Հանրապետությունում առաջիկայում սպասվող եղանակի կանխատեսումները, ասաց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Նրա խոսքով՝ ամռան բոլոր ամիսների միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է նորմային մոտ. «Բոլորս գիտենք, որ ամռան ամենաշոգ ամիսները հուլիսը եւ օգոստոսն են: Այս տարի կանխատեսվում է, որ այդ ամիսների միջին ջերմաստիճանը կտատանվի 26-27 աստիճանի սահմաններում»: Ինչ վերաբերվում է Հանրապետությունում այս օրերին տեղացող անձրեւներին, ապա Զարուհի Պետրոսյանի խոսքով՝ դրանք կպահպանվեն եւս 3 օր. «Ամսի 10-ին եւ 11-ին շրջանների մեծ մասում տեղումները կպահպանվեն: Հյուսիսում առանձին հատվածներում տեղումները կարող են լինել հորդառատ բնույթի: Հունիսի 12-ին տեղումները կպահպանվեն միայն Հարավային կեսում, իսկ 13-ին եւ 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, պայծառ արեւ եւ ջերմաստիճանի բարձրացում, որը Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում կհասնի 33 աստիճանի: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ առաջիկայում կարկտի մեծ ալիք է սպասվում, Զարուհի Պետրոսյանը պատասխանեց. «Այսպիսի կանխատեսում՝ հենց այդպիսի ձեւակերպմամբ չկա, սակայն այսօր, վաղը եւ հաջորդ օրը Հանրապետությունում տեղումները պահպանվում են եւ քանի որ դրանք երեկոյան ժամերին նաեւ զանգվածային բնույթի են, ապա կարկուտ Հանրապետության առանձին հատվածներում, այո, կանխատեսվում է»: Ի դեպ, ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետը նշեց նաեւ, որ մեր երկրում ամռանը երբեւէ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը եղել է Մեղրիում՝ 43,7, եւ Արարատյան դաշտավայրում՝ 42 աստիճան: