Արեւմտյան Հայաստանի հավաքականի նպատակը պարզ է (տեսանյութ)
Անցած շաբաթ Աբխազիայում կայացած չճանաչված երկրների ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հանդես է եկել նաեւ նորաստեղծ Արեւմտյան Հայաստանի հավաքականը: Այսօր «Նոյյան Տապան» մամուլի ակումբում թիմի ներկայացուցիչները վերջապես ներկայացան լրատվամիջոցներին: Դրա ընթացքում պարզվեց, որ հավաքականը հովանավորում է Երեւանի «Արարատի» բաժնետեր Վարդան Սրմաքեշը, որ թիմը մարզում են «Արարատի» մարզիչները, հրավիրված ֆուտբոլիստներից 6-ը արարատցիներ են: Պարզվում է նաեւ, որ Արեւմտյան Հայաստանի հավաքականը մայիսի 27-ին հավաքվել է Ադլերում, հաջորդ օրը մեկնել է Աբխազիայի մայրաքաղաք Սուխում, իսկ արդեն 30-ից սկսած ամեն օր մեկական խաղ է անցկացրել: «Դա շատ ծանր գրաֆիկ էր ֆուտբոլիստների համար, առավել եւս, որ նրանք հատուկ պատրաստվածություն չէին անցել մրցաշարից առաջ: Մենք ընդամենը 16 ֆուտբոլիստ էինք հրավիրել, ընթացքում վնասվածքներ եղան: Չնայած խնդիրներին, թիմը գրավեց 6-րդ տեղը, որը վատ արդյունք չէ առաջին անգամի համար», - ասաց Արեւմտյան Հայաստանի ընտրանու գլխավոր մարզչի օգնական Ալբերտ Աճեմյանը: Իսկ ահա Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Սամվել Մհերյանը պարզ նշեց, թե որն է թիմի ստեղծման բուն նպատակը. «Արեւմտյան Հայաստանի հավաքականի օգնությամբ աշխարհին ներկայացնել Արեւմտյան Հայաստանը»: Հավելենք, որ հավաքականը ոչ մի նոր ծրագրեր չունի առաջիկայում եւ խաղեր չի նախատեսել, սակայն հավանաբար կմասնակցի նաեւ նմանատիպ հաջորդ մրցաշարին: