Դեպի Վրաստան գնացքի տոմսերն էժանացել են
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքը կվերսկսի իր աշխատանքը հունիսի 15-ից: Տոմսերը վաճառվում են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաև ՀԿԵ կայքում՝ www.ukzhd.am: Հայաստանի մայրաքաղաքից գնացքը մեկնելու է ամեն օր՝ ժամը 15:30-ին: Երևանից Բաթումի ուղևորությունը տևում է 15 ժամ 40 րոպե, իսկ հետադարձ ճանապարհը՝ 15 ժամ 50 րոպե: Անցած տարվա հետ համեմատ տոմսերն էժանացել են մոտ 20%-ով. այժմ գները տատանվում են 9 850 դրամից մինչև 25 760 դրամի սահմաններում՝ կախված վագոնի կարգից: Ֆիրմային գնացքի վագոնները համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ նորմերին և անվտանգության պահանջներին: Բարձր հարմարավետությամբ կուպեներում և ննջավագոններում ուղևորներին անվճար տրամադրվում է Wi-Fi կապ: ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի տնօրինությունը Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքին շնորհել է «ֆիրմային» կարգավիճակը և «Արմենիա» անվանումը մայիսին: