Հնդկաստանի դեսպանը Հայաստան կբերի նաեւ սիրելի շներին (տեսանյութ)
Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Յոգեշվար Սանգվանը հայերին յոգա է սովորեցնելու:
Նորանշանակ դեսպանը մտադիր է խթանել յոգայի տարածումը մեր երկրում եւ նոր պաշտոնում նրա առաջին քայլերից է լինելու հունիսի 21- ին Յոգայի միջազգային օրը Երեւանի մարզադաշտերից մեկում հայ եւ հնդիկ յոգերի մասնակցությամբ կազմակերպել յոգայի վարժությունների լայնածավալ ցուցադրություն:
Այս մասին Յոգեշվար Սանգվանը ասաց Դելիում, Ջավալալհար Ներուի անվան ինստիտուտում կազմակերպված «Հայ- հնդկական հարաբերություններ` իմպուլսի խթանում» թեմայով քննարկման ժամանակ:
Նա հնդկահայ համայնքի ներկայացուցիչների, հայ ու հնդիկ ուսանողների հետ խոսել է Հայաստանում իր առաջիկա ծրագրերից նշելով, որ լինելով Կրիա յոգայի հետեւորդ (յոգայի ուղղություն` սանսկրիտերեն կրի- գործողություն, յա- գիտակցում բառերից) ու մտադիր է դրա տարածումը սկսել հենց Հնդկաստանի դեսպանատնից:
«Յոգան կդառնա դեսպանատան աշխատակիցների առօրյա կյանքի մի մասը, իսկ առաջին խումբը կազմված կլինի դեսպանտան հնդիկ եւ հայ աշխատողներից», -նշեց նա:
«Ա1+»-ի թղթակցի հետ զրույցում էլ պրն դեսպանը նշեց, որ յոգայից բացի հայերի շրջանում ընդլայնելու է Բոլիվուդի, հնդկական ազգային ճաշատեսակների, հնդկական նորաձեւթյան ու մշակույթի մասին տեղեկատվությունը:
Նկատենք որ, Յոգեշվար Սանգվանը մինչեւ նոր նշանակումը եղել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հնդկաստանի փոխդեսպանը: Նա Հայաստան կժամանի հունիսի 9-ին:
Հայերի մասին նա լսել է բազմիցս եւ շատ հիացած է: Տեղյակ է մեր երկրի պատմությանը , սակայն այցելում է առաջին անգամ: Հայաստան նա գալիս է կնոջ, զավակների , ծնողների եւ իր սիրելի շների հետ.
«Գիտեմ, որ ամեն ինչ լավ է լինելու եւ կանեմ ամեն ինչ, որպեսզի Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ խորանան մշակութային, տնտեսական, առեւտրական ու բժշկական կապերը: Իմ ընտանիքի անդամներին հատկապես շատ է հետաքրքրել այն, որ տեսնելու ենք Արարատ լեռը, որի վրա ապաստանել է Նոյը: Նաեւ մտադիր ենք բոլորով սովորել հայերեն լեզուն»,-ասաց նա։
Հայաստանի եւ հարեւան Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ սրված հարաբերություններին Հնդկաստանի դեսպանը վերաբերում է առանց խտրականության:
«Հարաբերությունները, որ այսօր Հայաստանը ունի Թուրքիայի կամ մեկ այլ երկրի հետ, չեն կարող ազդել պաշտոնական Դելիի դիրքորոշման ու հայ-հնդկական համագործակցության վրա»,-ասաց նա:
Յոգեշվար Սանգվանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորելու էին եկել Հայաստանում Հնդկաստանի նախկին երկու դեպաններ Աչալ Կումար Մալհոտրան ու Սուրեշ Բաբուն. ինչպես նաեւ Հնդկաստանում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը:
«Հայաստանը հրաշալի երկիր է` հարուստ մշակույթով ու հյուրընկալ մարդկանցով: Համոզված եմ, որ նոր դեսպանը եւս կսիրի այդ երկիրը» ,-իր խոսքում նշեց պրն Մալհոտրան:
Մյուս նախկին դեսպան Սուրեշ Բաբուն էլ ավելացրեց, որ արդեն քանի տարի է Հայաստանի գյուղական համայնքների դպրոցներին տրամադրում են համակարգիչներ:
«Վայոց Ձորի 55 դպրոցներում արդեն դրանք տեղադրված են, իսկ Տավուշի 75 դպրոցներին կտրվի այս տարի».-ասաց նա:
ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանն էլ հիմնականում խոսեց միջազգային կառույցներում, մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի կողմից Հնդկաստանին մշտապես աջակցելու ու հայ- հնդկական հարաբերությունների առաջխաղացման մասին:
Քննարկման վերջում բանախոսները պատասխանեցին ներկաների հարցերին:
Գայանե Հակոբյան
Նյու Դելի, Հնդկաստան

