Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիլիթ Մկրտչյանը՝ Եվրոպայի չեմպիոնի հավակնորդ

Սպորտ
gag

Հայաստանի շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը շարունակում է հաջող հանդես գալ Ռումինիայում ընթացող կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: Այսօր կայացած նախավերջին՝ 10-րդ տուրում, մեր հավաքականի երկրորդ համարը սպիտակներով հաղթեց Լեհաստանի ներկայացուցիչ Յոլանտա Զավադսկային: Այդպիսով, Լիլիթ Մկրտչյանը վաստակեց 7,5 միավոր եւ ընդհուպ մոտեցավ մրցաշարի միանձնյա առաջատար Աննա Ուշենինային, որն այսօր ոչ-ոքի խաղաց իսպանուհի Սաբրինա Վեգայի հետ եւ իր միավորների քանակը հասցրեց 8-ի: Վաղը նախատեսված վերջին տուրում Լիլիթ Մկրտչյանը մրցելու է հենց ուկրաինացի շախմատիստուհու հետ: Հաղթանակի դեպքում մեր գրոսմայստերը կարող է նվաճել ոսկե մեդալ, համենայնդեպս, կզբաղեցնի մրցանակային տեղերից մեկը: Ոչ-ոքիի ժամանակ նրա մարզական ճակատագիրը կորոշի համակարգիչը: Այսօր միավոր վաստակեց նաեւ Լիլիթ Գալոյանը, որը պարտության մատնեց բուլղարուհի Նուրգյուլ Սալիմովային: Նա այժմ 4,5 միավորով զբաղեցնում է 71-րդ տեղը: Իսկ ահա Մարիա Կուրսովան ու Մարիա Գեւորգյանը պարտություն կրեցին եւ զիջեցին իրենց դիրքերը: Առաջինը 12-րդ տեղից նահանջեց 24-րդ հորիզոնական, իսկ երկրորդը՝ 94-ից մինչեւ 101-րդը: