Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քոչարյանն ասաց գրեթե նույնը, ինչ հոկտեմբերի 27-ից հետո» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Robert-Kocharyan

Սերժ Սարգսյանի վարած  թե արտաքին, թե ներքին քաղաքականության վրա Ռոբերտ Քոչարյանը փորձում է  դիվիդենտներ շահել: Քաղաքագետները  նման եզրակացության են հանգել նրա վերջին հարցազրույցից հետո: «Եթե ինձ հարցնում եք , թե ինչու նա հարցազրույց տվեց, ապա  արդեն պարզապես  ամոթալի էր, որովհետև որևէ ձևով ինքը չհասկացրեց, որ ինքը երկրի նախագահ է: Հիմա իր համար  առիթ էր ուղղակի պահը օգտագործել, հատկապես Սամվել Բաբայանի հարցազրույցից հետո  որոշեց ինքն էլ բեմ բարձրանալ»,-նշում է քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը: Քաղաքագետ Անդրեաս  Ղուկասյանն էլ իր հերթին նկատում է. «Այդ ուժերն ակտիվացել են, որովհետև այս իրավիճակում տեսնում են հետևյալ դրությունը, եթե բացահայտվելու է Սերժ Սարգսյանի և նրա խմբի սուտ, դավադրական քաղաքականությունը, ապա, իհարկե, Հայաստանում իշխանափոխությունը դառնալու է անխուսափելի, որովհետև արդեն անհնար է դառնալու պահել այս իրավիճակը, շարունակել ծածկադմփոցը»: Քաղաքագետների գնահատմամբ՝ ապրիլյան պատերազմից հետո Ռոբերտ Քոչարյանի համար հարմար  հարթակ է  ստեղծվել գործող իշխանության թերությունները քննադատելու համար: Ստեփան Սաֆարյանն առաջարկում է չմոռանալ նաև, որ առաջիկայում խորհրդարանական ընտրություններն են, որին ընդառաջ Քոչարյանը փորձում է քաղաքական կապիտալ ստեղծել: Այս համատեքստում քաղաքագետն ուշադրություն է հրավիրում հետևյալ հանգամանքի վրա. «Երբ որ լրագրողը հարց է տալիս, ասում է, թե ինչու դուք  այսքան ժամանակ չէիք խոսում ապրիլյան պատերազմի մասին կամ ինչպես առաջին նախագահը,  դուք չգնացիք հանդիպման, գրեթե հնչում է այնպիսի պատասխան , ինչպիսին հնչել է հոկտեմբերի 27-ից հետո. իսկ դուք հիշում եք, որ այն ժամանակ էլ ասեց՝ թրաշված չէի»: Հարցազրույցում  Քոչարյանն  իր զարմանքն է հայտնում երկրում արմատացած կոռուպցիայի և մենաշնորհի մասին: «Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրել է Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանի քաղաքականության համար քաղաքական պատասխանատու է Ռոբերտ Քոչարյանը,  Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում քրեական օլիգարխայի, կուռուպցիայի համակարգման, կոռուպցիայի կազմակերպման և կանոնավոր հիմքերի վրա դնելու իրականացրած մարդ է՝ ոլորտների  բաժանում, պաշտոնների համակարգված վաճառք և այլն»,-շեշտեց Անդրեաս Ղուկասյանը: Իսկ Ստեփան Սաֆարյանը  նաև հիշեցնում է, որ հենց նույն Քոչարյանի օրոք է Ղարաբաղը դուրս մնացել բանակցային գործընթացից, ռազմաարդյունաբերական համալիրը վաճառել է Ռոբերտ Քոչարյանը: «Ապրիլյան պատերազմում մեզ համար շատ ցավալի կորուստներից հետո մթնոլորտում  գոնե մաքրության նշույլ էր հայտնվել, հիմա  նորից եկել պղտորում են ամեն ինչ: Ո՞ւմ եք խաբում՝ գույք պարտքի դիմաց բանաձևը դու ես  տվել, ռազմաարդյունաբերական համալիրը դու ես տվել,  այդ  խի ես զարմանում, որ մենք բեսպիլոտնիկներ չենք արտադրում կամ տեխնոլոգիապես հետ ենք մնացել»,-հարց է բարձրացնում պարոն Սաֆարյանը: Քաղաքագետները կարծում են, որ հասարակությունը  խայծը կուլ չի տա՝ հավատալով Ռոբերտ Քոչարյանի երկիրը փրկելու մղումներին, այն դեպքում, երբ նրա կողմից թվարկված այդ բոլոր արատավոր երևույթների  հիմքում հենց նա է կանգնած: Դիտեք նաև տեսանյութը