Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի՛ վախեցեք սխալներից. Նուբար Աֆեյան

Կարևոր լուրեր Հասարակություն
idea1

Մայիսի 28-ին UWC Dilijan քոլեջում կայացավ առաջին  շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը: Աշխարհի 48 երկրներ ներկայացնող  95 պատանիներն ու աղջիկները, ովքեր 2014թ. ընդունվել էին UWC ցանցի Հայաստանում գտնվող նոր քոլեջ՝ դառնալով նրա առաջին ուսանողները, հրաժեշտ տվեցին Քոլեջին ու Դիլիջանին, որը երկու տարվա ընթացքում նրանց  հարազատ տունն էր դարձել: UWC Dilijan քոլեջի համահիմնադիր, Քոլեջի կառավարիչների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը շնորհակալություն հայտնեց առաջին ուսանողներին եւ դասախոսներին՝ Քոլեջը աշխուժացնելու, ավանդույթներ կերտելու եւ աշխարհի  լավագույն բուհեր ընդունվելով՝ կրթական բավական բարձր նշաձող սահմանելու համար: idea «Մենք ուրախ ենք, որ իմ եւ Ռուբենի երազանքը,  որն սկզբում անիրականալի էր թվում,  այնուամենայնիվ, կյանքի կոչվեց շնորհիվ  այն բանի, որ մեր գործընկերներն ու համախոհները հավատացին, ռիսկի դիմեցին եւ աջակցեցին նախագծի իրականացմանը: Մեր համատեղ ջանքերով Դիլիջանում բացվեց  եւ հաջողությամբ գործում է հետխորհրդային տարածքում առաջին UWC քոլեջը: Մաղթում եմ առաջին շրջանավարտներին նույն կերպ չվախենալ հավատալուց եւ երազելուց, ուժ ու քաջություն ունենալ սեփական երազանքներն իրագործելու համար, գնալ դեպի նպատակը եւ չվախենալ օգնության դիմել, երբեք չբավարարվել ունեցածով, փոխել սեփական անձն ու շրջապատող աշխարհը, երջանիկ լինել ու երջանկացնել մյուսներին՝ օգնելով նրանց ի կատար ածել իրենց երազանքները»,-հավելեց Վերոնիկա Զոնաբենդը: idea2 Քոլեջի շրջանավարտները, ովքեր հաջողությամբ հանձնել են Միջազգային բակալավրիատ ծրագրի  (IB Diploma) քննությունները, իրենց ուսումը շարունակելու են աշխարհի լավագույն համալսարաններում, ինչպիսիք են Հարվարդի, Եյլի, Կոլումբիայի եւ Բրաունի համալսարանները, ինչպես նաեւ ոչ պակաս հեղինակավոր՝ Կալիֆոռնիայի (Բերկլի), Դյուկի, Ջոնս Հոփկինսի, Ուեսլիանի համալսարանները, Լոնդոնի համալսարանական քոլեջը, Լոնդոնի տնտեսագիտության քոլեջը, Էդինբուրգի համալսարանը, MinervaSchools-ը  եւ այլն: Քոլեջի շրջանավարտներին Հայաստանի դրոշներ եւ հայերենի այբուբենի տառերի տեսքով հուշանվերներ հանձնվեցին: Ուսանողներն իրենց հերթին դոնորներին նռնենու շիվեր նվիրեցին, որոնք խորհրդանշում էին Քոլեջում ուսանելու ընթացքում նրանց ունեցած աճն ու զարգացումը եւ տրվեցին որպես երախտագիտություն՝ շռայլ աջակցության ու գերազանց կրթություն ստանալու յուրահատուկ հնարավորության համար: Շրջանավարտներին շնորհավորեց եւ մաղթանքներ հղեց քոլեջի հիմնադիր-գործընկեր, Flagship Ventures ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Նուբար Աֆեյանը: «Ցանկանում եմ ձեզ այն, ինչ ցանկանում եմ իմ չորս երեխաներին: Մի՛ վախեցեք սխալներից եւ հիասթափություններից: Խուսափելով հիասթափություններից՝ դուք  չեք ունենա այն խթանը, որը նպաստում է աշխարհը փոխող  նոր արժեքների ստեղծմանը: UWC Dilijan քոլեջը հիմնվել է մասնավոր նվիրատվությունների շնորհիվ, եւ հուսով ենք, որ յուրաքանչյուր շրջանավարտ իր կյանքի մի փոքր մաս կնվիրի քոլեջին՝ պահպանելով կապը նրա հետ, կիսելով սեփական փորձը հաջորդ սերունդների հետ»,-նշեց Նուբար Աֆեյանը: Հրաժեշտի խոսքերն ու դոնորների  եւ դասախոսների մաղթանքները ուսանողները լրացրեցին համերգային համարներով: Պաշտոնական մասի ավարտից հետո տեղի ունեցավ շրջանավարտների այգու հանդիսավոր բացումը: Հայ ուսանողները տնկեցին շրջանավարտների երկրների թիվը խորհրդանշող 48 ծառից  վերջինը: Նոր՝2016-2017 ուսումնական տարում քոլեջը կունենա նոր տնօրեն: Ջոն Փադըֆութին կփոխարինի Դենիզ Դեւիդսոնը, ով նախկինում զբաղեցրել  էՆյուՅորքի Mount St. Mary’s քոլեջի տնօրենի պաշտոնը, ինչպես նաեւ տասներկու տարի ղեկավարել է Լիդսի Gateways դպրոցը (ՄեծԲրիտանիա):

IDeA հիմնադրամ, Հանրային կապերի բաժին