Հարազատները լուր չունեն Հրաչյա Հարությունյանից
Ռուսաստանի Տոմբով քաղաքի գաղութում գտնվող վարորդ Հրաչյա Հարությունյանի հարազատներն արդեն 3 ամիս է` նրա հետ չեն խոսել: «Նախկինում կապ էր ստեղծում, բայց հիմա ոչ մի կապ չկա: Ես չգիտեմ ի՞նչն է պատճառը, հեռախոսներն են հավաքել, չեն թողնում զանգեն»,-«Ա1+»-ին ասաց Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը: Նրա խոսքերով՝ առողջական խնդիրներ ունեցող Հրաչյա Հարությունյանին այցելել էին նաեւ դեսպանատնից եւ արձանագրել, որ ողնաշարի ճողվածք ունի. «Բայց ասել են, որ չեն կարող վիրահատել»: Հիշեցնենք, որ 2013 թ հուլիսի 13ին Պոդոլսկի մոտ Հրաչյա Հարությունյանը բեռնատարով բախվել էր ավտոբուսին,ինչի հետեւանքով 18 մարդ էր մահացել։ Նա դատապարտվել է 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման: Բանակցություններ են վարվում Հրաչյա Հարությունյանին Հայաստան արտահանձնելու համար: «Տեղափոխման հարցը դեռ անհայտ է, Մոսկվան խոսք է տալիս, բայց ոչ մի բան դեռ չի անում»,- եզրափակեց Վիկտոր Մարտիրոսյանը: