Սեյրան Օհանյանը տեղյակ չէ բանակում բենզին գողանալու դեպքերից (տեսանյութ)
Սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, այսօր կառավարության նիստից առաջ հայտարարեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու հավելեց, որ հանգիստ վիճակը հարաբերական է. «Վերջին ժամանակահատվածի հետ համեմատ՝ այսօր ամենաքիչն են եղել կրակոցներ: Ստացված տեղեկատվության համաձայն՝ բոլոր ստորաբաժանումները վերահսկում են իրավիճակը եւ պատրաստ են իրենց առջեւ դրված պարտականությունները կատարել»: Գեներալ Մանվել Գրիգորյանի պահվածքի մասին եւ Վահան Բադասյանի հայտարարությանը անդրադառնալու խնդրանքին ի պատասխան՝ Սեյրան Օհանյանը հավաստիացրեց, թե տեղյակ չէ. «Բայց որպես ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը լուրջ աշխատանքներ է կատարում»: Խոսելով վերջերս մահացած զինծառայողի հոր հայտարարության մասին, թե իր որդին, ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան սպանել են, քանի որ նա փորձել է կանխել բանակում բենզինի գողությունը, նախարարը վստահեցրեց, որ հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահները կզբաղվեն այդ հարցով։ Նախարարը վստահեցրեց նաեւ, որ տեղյակ չէ, թե բանակում բենզին գողանալու դեպքեր են եղել: