«Մենք չգիտենք՝ ինչի՞ շուրջ է լինելու Վիեննայի քննարկումը» (տեսանյութ)
Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնած Սերժ Սարգսյան - Իլհամ Ալիև հանդիպումից առաջ անորոշություն է։ «Մենք չգիտենք ինչի՞ շուրջ է լինելու քննարկումը, մենք չգիտենք նաև հայկական դիրքորոշումը, նույնիսկ ենթադրելի առաջարկների վերաբերյալ ինչպիսին է լինելու»,- ասում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։ Ապրիլյան պատերազմի օրերին աննախադեպ համախմբվածություն ցուցաբերած հասարակությունը պետք է հստակ սահմանի այն եզրագիծը, որից այն կողմ իշխանությունները պետք է չանցնեն բանակցելիս։ «Մենք ի՞նչ պատվեր ունենք Վիեննա գնացող անձին կամ պատվիրակությանը։ Մեր հիմնական պատվերը սովորաբար այն է, որ չպարտվեք, և արդեն այդ պատվերում մենք արդեն պարտված ենք։ Մենք չգիտենք՝ ո՞րն է ՀՀ-ի դիրքորոշումը ստեղծված իրավիճակում»,- մտահոգություն է հայտնում տիկին Խառատյանը։ Քաղաքագետ Մանվել Սարգսյանը հիշեցնում է՝ տարիներ շարունակ Հայաստանն անհաշվենկատ արտաքին քաղաքականություն է վարել՝ շատ դեպքերում հաշվի չառնելով սեփական շահերը։ Որպես օրինակ նա նշում է 1991 թվականին ԱՊՀ-ի կազմ ընդգրկվելիս Ադրբեջանը ճանաչելը։ «Մարդիկ այն աստիճանի անլուրջ էին, որ չէին հասկանում, որ եթե դուք ճանաչում եք որևէ երկրի սուվերենություն և տարածքային ամբողջականություն, այդ երկրին իրավունք եք տալիս օրինական զենք օգտագործել այդ սուվերենությունը և սահմանները պաշտպանելու համար»։ Ըստ պարոն Սարգսյանի՝ անլրջությունը շարունակվում է նաև այսօր։ Քաղաքագետը այդ որակում է իրավունքներից հրաժարվելու քաղաքականություն, երբ անգամ պատերազմի մեջ ներքաշվելով՝ Հայաստանը չի ճանաչում Արցախի անկախությունը։ «Երբ որ խնդիր դրվեց նորից ճանաչելու, ասեցին՝ Աստված հեռու պահի, վատ է լինելու, մեզ պատժելու են, մեզ ծեծելու են, մեզ ջարդելու են, մինչև այսօր նույնն է գնում։ Այս մտածողությունը պիտի փոխվի»։ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն կազմակերպած «Պատասխանատվություն» թեմայով ֆորումի մասնակիցները հարցադրումների անելուց զատ հիշեցրին՝ հաղթում են այն պետությունները, որոնք հստակ գիտակցում են սեփական իրավունքներն ու մյուսներին էլ պարտադրում հարգել ու ընդունել այն։