«Արարատը» հետաձգեց «Ալաշկերտի» չեմպիոնությունը
«Մեր դարպասապահը շատ լավ խաղաց: Ընդհանուր առմամբ մենք խաղային կարգապահության եւ տակտիկապես ճիշտ պաշտպանվելու շնորհիվ հաղթեցինք: Սակայն «Ալաշկերտը» մնում է լուրջ մրցակից եւ կարծում եմ թիմն այս տարի կդառնա չեմպիոն», - այսօր Հայաստանի ֆուտբոլի առաջնության 26-րդ տուրում կայացած «Ալաշկերտ» - «Արարատ» խաղից հետո ասաց հյուրերի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը: Իսկ ահա «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ խաշմանյանն իր թիմ պարտությունը բացատրեց բախտի գործոնով. «Ընդհանուր առմամբ խաղային առավելություն ունեինք, ստեղծեցինք ռեալ գոլային պահեր, սակայն չկարողացանք օգտագործել: Մրցակցին մեկ անգամ թողեցին հեռվից հարվածել եւ գնդակը հայտնվեց մեր դարպասում: Ինչպես ասում են, մարզական բախտը ժպտաց հակառակորդին: Պետք ամեն ինչ մոռանանք եւ պատրաստվենք «Շիրակի» հետ խաղին, որը կարեւոր նշանակություն ունի եւ մեր, եւ նրանց համար»: Նշենք, որ այս խաղը կարող էր դառնալ չեմպիոնական «Ալաշկերտի» համար: Եթե թիմը նվազագույնը ոչ-ոքի խաղար «Արարատի» հետ, ապա անկախ մնացած տուրերի խաղերից, կզբաղեցներ առաջին տեղը եւ առաջին անգամ կհռչակվեր հանրապետության չեմպիոն: Սակայն ալաշկերտիները 0:1 հաշվով պարտվեցին «Արարատին», որը անհաջող է հանդես գալիս վերջին ամիսներին եւ այս տարի դեռ հաղթանակ չէր տարել առաջնությունում: Հավելենք, որ այսօր «Շիրակը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Բանանցին» եւ «Ալաշկերտի» նկատմամբ ունցեած միավորների տարբերությունը հասցրեց վեցի: