«Հովիկ Աբրահամյանի մոտ այն էքսպրեսիան չկար, ինչ Սերժ Սարգսյանի մոտ» (տեսանյութ)
Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպումից հետո բեկումնային ճեղքում չի լինի. համոզված է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ Արցախում, ինչպես նաեւ Հայաստանում ճնշող մեծամասնությունը տրամադրված է մինչեւ վերջ պայքարելու, իսկ ազատագրված տարածքների վերադարձման մասին խոսք չկա: «Եթե Սերժ Սարգսյանը գնա դրան հակառակ, ինքը միանշանակ խնդիր է ունենալու, եւ ակնհայտ է, որ շատ ներկայացուցիչներ արդեն ասում են, որ եթե նման բան անեն, դավաճանի պիտակին կարժանանան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արմեն Մարտիրոսյանը: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահն անդրադարձավ նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կոռուպցիայի դեմ պայքարի մասին արված հայտարարությանը եւ նշեց, որ այն ինչ ասում է Հովիկ Աբրահամյանը, կյանքի կոչվել չեն կարող մի պարզ պատճառով. «Այն հանգամանքը, որ իրենք են ստեղծել, որի վառ ներկայացուցիչն են իրենք, դա կոչվում է կոռուպցիոն, ոչ արդարացի, ոչ լեգիտիմ իշխանություն եւ կառավարման համակարգ: Չար ծառը բարի պտուղ չի կարող տալ»,- ավելացրեց նա: Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ Հովիկ Աբրահամյանի ասածը պետք է ավարտվեր նրանով, որ իրենք հասկացել են իրենց արածների ահավորության աստիճանը եւ հեռանալով՝ դաշտը թողում են այն ուժերին, որոնք կոռուպցիոն մեխանիզմների մեջ ներգրավված չեն եղել: «Հովիկ Աբրահամյանի պաթոսը շատ ավելի նվազ էր, այն էքսպրեսիան չկար, ինչ կար Սերժ Սարգսյանի մոտ, երբ ասում էր խոշորի գլխից բռնելու մասին»,- եզրափակեց Արմեն Մարտիրոսյանը: