«ԿԻԼԻԿԻԱ»-ն ԳՆՈՒՄ Է ՎԵՐՋԻՆ ՄԵԾ ՆԱՎԱՐԿՈՒԹՅԱՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է «Կիլիկիա» առագաստանավի անձնակազմի անդամներին, որոնք օրերս մեկնելու են Լոնդոն՝ Հարավային Անգլիայի ափերին կառանված «Կիլիկիայի» նավարկության երրորդ փուլն իրականացնելու համար:
Նավի կապիտան Կարեն Բալայանը, նավարկության տարեգիր, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, անձնակազմի մյուս անդամները վարչապետին ներկայացրել են նավարկության եզրափակիչ փուլի նախապատրաստական աշխատանքները, նշելով, որ դրանք ընթանում են նախատեսված ծրագրին համապատասխան: Նավարկության ժամանակացույցի համաձայն, ըստ նրանց, «Կիլիկիան» Հարավային Անգլիայի ափերից ծով դուրս կգա մայիսի 28-ին՝ ուղղություն վերցնելով դեպի Ֆրանսիայի Կալե նավահանգիստ:
Հաջորդ օրերին ու ամիսներին, անցնելով Հյուսիսային եւ Բալթիկ ծովերով, շուրջ մեկ տասնյակ պետությունների ափերով, օգոստոսին նավը կժամանի Սանկտ-Պետերբուրգ, այնտեղից դեպի Սեւ ծով՝ Փոթի նավահանգիստ ուղեւորվելու համար: Այնուհետեւ ցամաքով կտեղափոխվի Հայաստան եւ հաջորդ տարվա գարնանը կհանգրվանի Սեւանա լճում՝ դառնալով հայոց պատմության, հայության ստեղծարար մտքի եւ ոգու նորօրյա խորհրդանիշներից մեկը:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հավաստիացրել է, որ ինչպես նախորդ փուլերում, այս անգամ եւս կառավարությունը հնարավորինս կաջակցի նախապատրաստական աշխատանքների իրականացմանն ու նավարկության ընթացքում ծագող խնդիրների լուծմանը:
Հանդիպման ավարտին վարչապետը հաջող նավարկություն եւ բարի վերադարձ է մաղթել «Կիլիկիայի» անձնակազմին: