Վետերանները հիշում են պատերազմը՝ սկզբից մինչև ավարտ (տեսանյութ)
Հայրենական մեծ պատերազմի 93 ամյա վետերանը սրտնեղած է՝ տոնական օրով իրենց նկատմամբ հարգալից վերաբերմունք չեն ցուցաբերել բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության աշխատակիցները:
«Չէին թողն ում անցնեինք, ասում էին՝ իջեք ոտքով գնացեք, կանգնացնում են բոլոր տեղերը, ոչ մի տեղ չկա կարգ, որ ասեն հայրենականի մեքենան էս օրին որ գալիս է, պիտի իրանք չեստ տան ու ճանապարհ տան, բայց չեն անում»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց պատերազմի վետերան Մնացական Գրիգորյանը:
Պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած Նորայր պապը, չնայած 97-ամյա տարիքին, մինչ օրս շատ լավ հիշում է պատերազմը՝ սկզբից մինչև ավարտ:
«Ես տանկի կամանդիր եմ եղել: Ժամը 3:30 Հիտլերը 700 հազար սնարյադ բաց է թողել Սովետի վրա, մենք նրանց քշել ենք 15 կմ՝ մինչև Լեհաստանի սահմանը»,-պատմում է Նորայր Առաքելյանը:
1942թ-ին ինքնակամ ռազմի դաշտ մեկնած Շողիկ Սարաֆյանը ծառայել է որպեսհետախույզ, միևնույն ժամանակ նաև բուժքույր:
«1943 թ-ին Հյուսիսային Կովկասից սկսել եմ մինչև Բեռլին հասել եմ»,-նշում է տիկին Շողիկը:
Վերջինս հպարտությամբ է խոսում ղարաբաղյան պատերազմում նահատակված հայ հերոսների ու զինվորների մասին, միևնույն ժամանակ ոգևորվածությամբ է նկատում, որ հաղթանակի և ազատության արժեքն այսօրվա երիտասարդությունը տեսնում է ու գնահատում:
« Հաղթել ենք , ճակատներս պարզ վերադարձել ենք մենք մեր հայրենիքը, ազատագրել ենք մեր հայրենիքը, դրանից ավել , հաղթանակից ավելի՝ էլ ինչ կա աշխարհում»,-ասում է նա:
Իր թոռնիկների հետ Հաղթանակի զբոսայգի այցելած Գագիկ Հաջյանի համար եռատոնի մեջ իր առանձնակի նշանակությունն ունի Շուշիի աազատգրման տոնը:Այս կապակցությամբ նա շեշտում է.
«Հպարտ եմ իմ ազգի հաղթանակի համար: Մեր փոքրիկ սերունդներին պետք է ոգեշնչել , որ նրանք էլ իսկական հայրենիքի պաշտպան դառնան: Այսօր հպարտ եմ նաև մեր զինվորների համար, խոնարհվում են այն զինվորների առաջ, որոնք այսօր չկան»:
5 ամյա Անգելինան էլ գիտի , թե այսօր ինչ օր է և ինչի համար է նա պապիկի հետ եկել այստեղ:
«Հաղթանակի օրն է, եկել եմ, որ զինվորներին շնորհավորեմ»:
Մանրամասները՝ տեսանյութում: