Թալիշցի 81-ամյա տատիկը՝ հայի և թուրքի տարբերության մասին (տեսանյութ)
81-ամյա Ագնեսա տատիկը տառացիորեն հիշում է՝ ապրիլի 2-ի գիշերվա ռմբակոծություններից հողն այրվում էր ոտքերի տակ։ Այդ ռմբակոծություններից վիրավորվեցին նրա աղջիկն ու որդին՝ պատկառելի տարիքի մարդիկ: Աղջկա ուսն էր բեկորներից վնասվել։ Որդու որովայնի վնասվածքից տեսանելի էր ներսը: Երկուսն էլ միայնակ մարդիկ, գյուղից փախչում են երկրորդ անգամ, տան մոտ զորամաս կար, երկուսի արանքում՝ եկեղեցին, ռմբակոծությունից չեն փրկվում շունն ու հավերը: Գյուղում մնացած շան մասին հիշողությունը հաճախ է արցունքների պատճառ դառնում երկու երեխաների բաց վերքերը տեսած այս կնոջ աչքերում: Հետո ավելի հանգիստ փորձում է հասկանալ թալիշցի իր հարեւան Խալափյանների մահը, որոնց մարմիններն ադրբեջանցի հետախույզներն անարգել էին։ Այս կինն արդեն սարսափով է հասկանում, որ նոր պատերազմը Թալիշում քարը քարի վրա չի թողնի: Մեկ ամսից ավելի է Աղաջանյանների ընտանիքը Ստեփանակերտի բժշկական կենտրոնում է, դեռ չգիտեն, թե որտեղ են ապրելու, Թալիշ վերադառնալ չկա: Գյուղն արդեն ճակատ է: Արցախից դուրս Ագնեսա Աղաջանյանը կյանքը չի պատկերացնում: Միայն թե՝ ադրբեջանցուց հեռու։ Մոր տխուր հիշողություններին նրա պատկառելի տարիքի երեխաները ոչինչ չեն կարող ավելացնել: Նրանք ընդհանրապես այս աշխարհից չեն ու չեն կարող ասել՝ ի՞նչ է տեղի ունենում: Սակայն վերադառնալ ուզում են Թալիշ: Ավելին՝ տեսանյութով