«Միգուցե Սերժ Սարգսյանին ձեռնտու է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ դիսկուրսը» (տեսանյութ)
Թեև հասարակության շրջանում սպասում կար, որ մայիսի 8-ին Ադրբեջանի կողմից դարձյալ ռազմական գործողություններ կլինեն, դա չեղավ։ Սակայն Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը չի համարում, թե ռիսկերը ետևում են։ Բացի այդ, այլ խնդիրներ էլ կան. «Ապրիլին տեղի ունեցած պատերազմին հստակ գնահատական չի տրվել։ Չստեղծվեց որևէ հանձնաժողով, փաստահավաք խումբ, որը գնահատական կտար տեղի ունեցածին։ Սա քարտ-բլանշ եմ համարում՝ Ադրբեջանին տրված»,-շեշտեց նա։ Հնարավոր բանակցությունների վերաբերյալ պարոն Սաֆարյանը նշեց. «Այս պատերազմը պահանջում է փոխել մոտեցումը գործընթացին` կոշտացնել մեր դիրքորոշումը։ Մենք այլևս չենք կարող բանակցել սեղանին դրված նախկին փաստաթղթերի շուրջ։ Ադրբեջանը վաղուց սպանել է բանակցությունները։ Եվ այս պարագայում բանակցությունները կլինեն մադրիդյան, լավրովյան, պուտինյան թե մեդվեդևյան սկզբունքներով, պարզ է, որ Ադրբեջանը վաղուց փակել է Ղարաբաղի կարգավիճակի հարցը»։ Հարցին, թե արդյո՞ք վերլուծաբանն Արցախի ճանաչման հարցի շուրջ համագործակցություն է տեսնում Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև, և ինչպե՞ս է մեկնաբանում վերջինիս հայտարարությունն այս հարցի շուրջ, նա նշեց. «Դա չեմ կարող հստակ ասել։ Բայց միգուցե Սերժ Սարգսյանին ձեռնտու է այս դիսկուրսը։ Հատկապես, որ նա չի արձագանքում Լևոն Տեր-Պետրոսյանի այդ թեզին։ Բայց խնդիրն այն է, որ հասարակության շրջանում բացվում է մի դիսկուրս, որը վտանգավոր է։ Հիշենք, որ Կոսովոն ճանաչվեց, որովհետև բանակցություններն իրենց սպառել էին։ Եթե այս խնդիրները զոռբայությամբ են լուծվում, ուրեմն Հայաստանը պետք է իրեն զոռբա պահի»։