ՈՐՏԵ՞Ղ Է ԱԴԼԵՐԻ ԴԻՍՊԵՏՉԵՐԸ ԵՎ Ի՞ՆՉ Է ԽՈՍԵԼ ՕԴԱՉՈՒԻ ՀԵՏ ՎԵՐՋԻՆ ՊԱՀԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 3-ին տեղի ունեցած ավիավթարի պատճառների մասին դեռ վաղ է խոսել, քանի չի ավարտվել քրեական գործի նախաքննությունը: Սակայն արդեն իսկ քննարկվում է 7 վարկած՝ տեխնիկական անսարքություն, վառելիքի պակաս, օդաչուի գործոն, դիսպետչերի սխալ հաղորդած տեղեկատվություն, եղանակային վատ պայմաններ, պտտահողմ, ահաբեկչություն:
Վերջին վարկածը հենց սկզբից բացառեցին կողմերը, տեխնիկական անսարքությունը բացառեց հայկական կողմը, եղանակային պայմանների պատճառով վատ տեսանելիության վարկածը բացառեց ռուսական ավիացիոն անվտնագության հարցերով փորձագետ Վիկտոր Տիմոշկինը, հայտարարելով՝ «Վայրէջքի համար տեսանելիությունը բավարար էր: Թե ինքնաթիռի, թե օդակայանի ավտոմատ տեխնիկան բարձր կատեգորիայի է: Եթե հավատանք պաշտոնական տեղեկություններին, ապա կործանված ինքնաթիռի վայրէջքի ժամանակ ամպերի ներքեւի ցուցանիշը եղել է 100 մետր, տեսանելիությունը՝ 1500 մետր: Դա բավարար է, որպեսզի վայրէջքը բարեհաջող լինի: Եթե, իհարկե, չեն եղել վտանգավոր երեւույթներ՝ թափահարում, կայծակ կամ քամու փոփոխություն»:
Հիդրոօդերեւութաբանները բացառեցին ուժեղ քամու, հողմամրրիկի, պտտահողմի վարկածը, քանի որ տարվա այս ժամանակահատվածում նման երեւույթներ չեն լինում. դրանք որպես կանոն լինում են ամռանը:
Այսինքն, քննարկելի է մնում օդաչուի գործոնը, Ադլերի դիսպետչերի սխալ հաղորդած տեղեկատվությունը եւ վառելիքի պակասը:
Հաշվի առնելով այն տեղեկատվությունը, որ ինքնաթիռը թռիչքի կեսից փորձել է վերադառնալ Հայաստան, ապա ինչ-ինչ հանգամանքներում օդանավի հրամանատարը որոշում է կայացրել եւ նորից ուղղություն վերցնել դեպի Ադլեր, լրիվ հնարավոր վարկած է, որ օդանավի «հեղինակավոր» ուղեւորներից ոմանք ճնշում գործադրած լինեն օդաչուի վրա. սակայն վերջնական որոշումը օդանավի հրամանատարինն է, եւ նա կայացրել է որոշումը:
Հետաքրքրիր է նաեւ, որ երկու անգամ դիսպետչերներին վառելիքի մասին տված հաղորդումներում կա հակասություն. առաջին անգամ նա տեղեկացրել է, որ 2 ժամվա վառելիք ունի, երկրորդ անգամ, արդեն դեպի Երեւան գնալուց եւ կրկին Սոչի վերադառնալուց հետո, չգիտես ինչ տրամաբանությամբ վառելիքի քանակն ավելացել է. օդաչուն հաղորդել է 2,5 ժամվա վառելիք ունենալու մասին:
Բավականին տարօրինակ է, թե որտեղ է Ադլերի օդակայանի դիսպետչերը, որի հետ հայ օդաչուի կապի մանրամասներից ոչինչ չի հաղորդվում արդեն երկու օր: Իսկ վրացական կողմը, խնդիրն անմիջապես քաղաքական հարթություն տեղափոխելով, առաջարկում է խոսակցության ձայնագրություն, որը լույս կսփռի աղետի մանրամասների վրա: Սակայն այս մասին էլ առայժմ ոչ մի խոսք՝ ոչ հայկական, ոչ ռուսական կողմից:
Ադլերի օդակայանի դիսպետչերի հետ կապը մինչեւ վերջին վայրկյանը, ամենայն հավանականությամբ, եղել է: Այս եզրակացությանը կարելի է գալ ռուսական հեռուստաընկերությունների հաղորդած այն լուրից ելնելով, որ ինքնաթիռը ջուրն է ընկել 60 աստիճան անկյան տակ, իսկ այս տեղեկությունը դեպքից մի քանի ժամ անց կարող էր իմանալ միայն դիսպետչերը: Այս տեղեկությունը նաեւ հաստատում է, որ ինքնաթիռը վայրէջք կատարելիս է եղել, որովհետեւ 60 աստիճանի տակ սկսում են վայրէջքը, եւ նորից մեկ շրջապտույտի հրահանգը գուցեեւ անսպասելի է եղել: Այս ամենի մասին ոչինչ հայտնի չէ, որովհետեւ դիսպետչերի եւ օդաչուի խոսակցության մասին լռում են:
Սակայն անկախ ամեն ինչից օդանավը ճիշտ ուղղության վրա է եղել, եւ նույնիսկ դիսպետչերի վատ աշխատանքի պարագայում, միեւնույնն է, օդանավն արդեն օդակայանի տարածքում էր եւ ուղղությունը վերցրել էր ճիշտ թռիչքուղու ուղղությամբ: Այստեղ եւս մեկ անգամ հերքվում է վատ տեսանելիության վարկածը, եւ թերեւս մնում Է ենթադրել, որ միայն վառելիքի վերջանալը կարող էր ինքնաթիռի հանկարծակի գահավիժման պատճառ դառնալ: Հայտնի է նաեւ, որ ուղիղ թռիչքի ժամանակ վառելիք ավելի պակաս է ծախսվում, քան մանեւրելու ժամանակ, իսկ տվյալ դեպքում մի քանի անգամ է մանեւրելու անհարժեշտություն է առաջացել, վերջինն էլ ավարտվել է աղետով: Հիշեցնենք, որ «Արմավիա»-ի սեփականատեր Միկա Բաղդասարովը մի քանի անգամ արդեն հայտարարել է, որ վառելիքի խնդիր օդանավում չի եղել: