«Թուրքական ապրանքից հրաժարվելը ուռա հայրենասիրության ոլորտից է» (տեսանյութ)
Ֆիրդուսի անունով հայտնի շուկայում թուրքական ապրանք վաճառողները սկզբունքորեն դեմ չեն դադարեցնել ներկրումը Հայաստան։ Լարիսա Ավագյանը նշում է. «Այլընտրանք չունենք, ես էլ դեմ եմ, թող մեր տեղական արտադրանքը լինի, մենք մերը ունենանք»։ Մեկ այլ աշխատող Սիլվա Ներսիսյանն ավելացնում է. «Որ թողեն ժողովուրդը արտադրանք տա, իրանք էլ օգտվեն, մի բան հասկանան իրանց արտադրանքից, բայց չեն օգտվում, հենց իմանում են մի տեղ արտադրություն է, մեծ հարկեր են դնում»։ Առևտրականները լսել են թուրքական ապրանքների փոխարեն Չինաստանից ներկրումներ իրականացնելու առաջարկի մասին, սակայն դա հարցի լուծում չէ։ Վաճառականներից Արփիկ Ավագյանը նշում է. «Չինաստանից շուտ չի գալիս, բացի այդ ձեռք չի տալիս ճանապարհածախսը»։ Համասիկ Սարգսյանն իր օրինակով է խոսում. «Ես 1000-1500 դոլարով կարող եմ գնալ Թուրքիայից մի կտոր ապրանք բերել, ամսվա մեջ մի կտոր ծախեմ, իմ գոյությունը պաշտպանեմ։ Ես չեմ կարող Չինաստան գնալ, ինչի՞ համար՝ մենակ տոմսը 1000 դոլար է»։ Սիլվա Ներսիսյանն էլ է համամիտ այս պնդումներին. «Ծախսը շատ է, շատ գումար պիտի ծախսես, որ գնաս Չինաստան, ամեն մարդ չի կարող գնալ Չինաստան, դրա համար էլ գնում են Թուրքիա»։ Տիկին Սիլվան, որը 12 տարուց ավելի Թուրքիայից է ապրանք ներկրում, պատմում է՝ ինչ է տեսել հարևան երկրում. «Մտնում ենք Թուրքիայի խանութը ապրանք ենք առնում, հետևը արտադրանքն է, այնտեղ շալվարները կարում են, բերում կախում ծախում են, թող մեր մոտ էլ այդպես լինի»։ Իսկ եթե այնուամենայնիվ իշխանությունները որոշեն գործարաններ ու ֆաբրիկաներ չբացելով արգելել Թուրքիայից ապրանքների ներկրումը, նրանք վատ դրության մեջ կհայտնվեն։ Համասիկ Սարգսյանը նշում է. «Չես կարող ապրել, ո՞նց կապրես, մարդը մի ձև պիտի ապրի՞, թե՞ չէ, մի ճանապարհ պիտի ունենա՞ ապրելու»։ Ըստ տնտեսագետ Հրանտ Բագրատյանի՝ թուրքական ապրանքների ներկրման արգելքը կամ դրա չափերի սահմանափակումը Հայաստանի համար տնտեսապես ձեռնտու չէ։ «Դա ուռա հայրենասիրության ոլորտից է, սա այն դեպքն է, որ նման սանկցիաներ կիրառելիս, ոչ բոլոր ապրանքների դեպքում հիմնականում կտուժենք մենք»։ Այնուամենայնիվ, Հրանտ Բագրատյանը չի բացառում որոշ ապրանքատեսակների նկատմամբ ներկրման սանկցիաների կիրառումը՝ ներքին արտադրությունը զարգացնելու նպատակով։