Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«5 շրջանը մեզ երեւի պետք կլինի, որ տանք». ՀՀԿ-ական (տեսանյութ)

Քաղաքականություն
vrezh-markosyan

ՀՀԿ խմբակցության անդամ  Սուքիաս Ավետիսյանը հիշում է, որ 5 շրջանները Ադրբեջանին հանձնելու խոսակցություններն սկսվեցին այն ժամանակ, երբ հրադադար էր. «Այս ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանի հետ խոսել ինչ-որ բանակցային խնդիրների շուրջ, ներկայումս անիմաստ է»: Պարոն Ավետիսյանը բանակցային գործընթացի վերականգնմանը կողմ է միայն այն բանից հետո, երբ հայկական զինված ուժերը Ադրբեջանին կդարձնեն բանակցելի: Սակայն ինքն անձամբ դեմ է 5 շրջանները վերադարձնել Ադրբեջանին. «Դրանք մեր տարածքներն են, դրանք գրավյալ տարածքներ չեն, դրանք ազատագրված տարածքներ են եւ մենք էդպես շատ ու շատ տարածքներ ունենք, որ պետք է ազատագրենք»: Եթե այդ 5 շրջաններին հրատարակիչ եւ պատգամավոր Վրեժ Մարկոսյանը նայի հայկական հողեր լինելու պատմական տեսանկյունից, պիտի պահանջի նաեւ Շահումյանն ու Գետաշենը: Սակայն այդ տարածքները նա Ադրբեջանին կզիջի միայն այն դեպքում, եթե ճանաչեն Ղարաբաղի անկախությունը. «Եթե ճանաչեն, լինի խաղաղություն, էդ 5 շրջանը մեզ երեւի պետք կլինի, որ տանք: Դրանք մեր հողերը չեն»: ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության անդամ Արբատ Ավանեսյանի կարծիքով, սակայն, «Միայն պիղծ հայը կարող է մեր Ղարաբաղից ձեր բառերով ասած, բայց Արցախի տարածքներից գոնե մեկ թիզ զիջել»: Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի պատգամավորին չէր կարելի տալ ազատագրված տարածքները թեկուզ բանակցությունների ճանապարհով զիջելու մասին հարց. «Բանակցություններն անողները թող գնան անեն»: Բայց ղարաբաղցի Սերժ Սարգսյանն է դեռ 2011-ին Կազանում խոսել գրավյալ 5 շրջաններն Ադրբեջանին հանձնելու մասին: Երկու օր առաջ Հերմինե Նաղդալյանն ասում էր, որ մենք այդ հողերը չենք ուզում. «Ես Հերմինե Նաղդալյանին շատ հարգում եմ եւ իրանից չեմ լսել, ես չգիտեմ, թե ովքեր են դա իրեն վերագրում»: Ղարաբաղցի պատգամավորը ոչ մի դժգոհություն չունի գրավյալ տարածքները հանձնելու շուրջ բանակցող Հայաստանի իշխանություններից, ինքը նրանց հարգում է եւ սիրում. «Բայց երբեւէ չփորձեք այդ մասին ինձնից ճիշտն իմանալ»: