Էլինա Դանիելյանը հաղթեց Մարիա Մուզիչուկին
Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը երկրորդ հաղթանակը տարավ Բաթումում շարունակվող ՖԻԴԵ-ի Գրան-պրիում: Այսօր կայացած 7-րդ տուրում մեր հայրենակիցը սպիտակներով հանդիպեց իր անմիջական մրցակցի, ուկրաինուհի Մարիա Մուզիչուկի հետ: Էլինա Դանիելյանը անվստահ սկսեց պարտիան եւ սկզբում ոչ շահեկան դիրքում հայտնվեց: Բարեբախտաբար, մեր շախմատիստուհին կարողացավ բեկում մտցնել խաղի մեջ եւ տիրել նախաձեռնությանը: Նա հաշվենկատ քայլերով անցումային երկու զինվոր ստացավ, որոնք էլ փակուղու առջեւ կանգնեցրին սեւերի նավակին: Արդյունքում, պարտիայի 65-րդ քայլին Էլինա Դանիելյանը հասավ իր նպատակին եւ մրցակցին ստիպեց հանձնվել: Մեր շախմատիստուհին վաստակեց 3 միավոր եւ առաջ անցավ առջեւում գտնվող երեք մրցակիցներից: Այժմ նա զբաղեցնում է 8-րդ տեղը: Մրցաշարային աղյուսակը զբաղեցնում են երեք շախմատիստուհիներ, որոնք իրենց ակտիվում ունեն 4,5-ական միավոր: Նրանցից մեկը, Նանա Ձագնիձեն, կլինի Էլինա Դանիելյանի մրցակիցը 8-րդ տուրում: Մեր շախմատիստուհին հանդես կգա սեւ խաղաքարերով: