Հռիփսիմե Խուրշուդյանը չի խախտել հակադոպինգային կանոնը
Հայաստանի հակադոպինգային կազմակերպության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը համոզված է, որ մեր ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը չի որակազրկվի միայն այն բանի համար, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան նրա մոտ մելդոնիում է հայտնաբերել: «Այդ մասին մենք տեղեկացվել ենք դեռեւս մարտ ամսին, ծանրամարտի ՌԴ նախագահի գավաթի խաղարկությունից հետո: Սակայն այն մեզ չի մտահոգել, քանի որ Հռիփսիմե Խուրշուդյանի մոտ հայտնաբերված մելդոնիումի չափաբաժինը շատ-շատ քիչ է եղել: Դեղամիջոցի արգելված քանակությունը սկսում է 1 գրամից, իսկ նրա մոտ եղել է ընդամենը 0,05 գրամ: Զարմանալի չէ, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան նրան թույլ տվեց մասնակցելու Եվրոպայի այս տարվա առաջնությանը, որտեղ Խուրշուդյանը ոսկե մեդալ նվաճեց», - «Ա1+»-ի մարզական թղթակցին ասաց նա: Մեր այն հարցին, թե ինչու՞ է միջազգային ֆեդերացիան տեղեկացրել այդ մասին, երբ այդ չափաբաժինը քիչ է եղել, Արեգ Հովհաննիսյանը նշեց. «Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը բոլոր ֆեդերացիաներից պահանջում է հրապարակել մելդոնիումի հետ կապված յուրաքանչյուր բացահայտման մասին: Լրացուցիչ հետաքննություններից հետո նոր այն կայացնում է վերջնական որոշում՝ որակազրկել, թե՝ ոչ»: