Թագավորական փաստաբանը հաստատում է ԼՂ ինքնորոշման իրավունքը
Լոս Անջելես, Կալիֆորնիա - Չորեքշաբթի, ապրիլի 20-ին, Ամերիկայի հայկական համագումարը Կալիֆորնիայի Յունիվերսալ Սիթիում Միացյալ Թագավորության մարդու իրավունքների առաջատար պաշտպան և հեղինակ, թագավորական փաստաբան Ջեֆրի Ռոբերթսոնի՝ «Անհարմար Ցեղասպանություն. ո՞վ է հիմա հիշում հայերին» գրքի բարեհաջող շնորհանդես հյուրընկալեց: Միջոցառման բոլոր տոմսերը վաճառվել են`գերազանցելով առաջադրված չափաքանակը: «Ամերիկայի հայկական համագումարը հպարտ էր ներկայացնել մարդու իրավունքների միջազգային նորմերի ոլորտի մի հսկայի՝ պատմելու մեզ իր բացահայտումների մասին, որոնք նա կատարել է՝ անհերքելի Հայոց ցեղասպանությանը հանգեցրած պատմության ուսումնասիրության ընթացքում», - ասել է Համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը: «Ամերիկայի հայկական համագումարը ցանկանում է պահպանել այս մղումը, մինչ Համագումարի Արևմտյան տարածաշրջանային գրասենյակը շարունակում է նման առարկայական աշխատանքներ իրականացնել: Միհրան Թումաջանը և Ալին Մակսուդյանը հնարավոր առավելագույնն ու դեռ ավելին են արել՝ ապահովելու այս միջոցառման հաջողությունը»: Միջոցառման ընթացքում Բարսամյանը խոսեց Վաշինգտոնում Համագումարի կատարած աշխատանքի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշման իրավունքի և տարածաշրջանում Թուրքիայի անպատասխանատու գործողությունների մասին՝ խոսքն ուղղելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: «Պարո°ն Էրդողան, դադարեցրեք Ձեր սեփական ժողովրդի սպանդը: Դադարեցրեք Ձեր քուրդ բնակչության սպանդը: Դադարեցրեք տարածաշրջանում քրիստոնյաների սպանդը և դադարեցրեք աջակցել Ղարաբաղի հայերի նկատմամբ բռնությունը», - իր ելույթում ասել է Բարսամյանը: Համագումարի համանախագահը ներկայացրեց Ռոբերթսոնին, ով խոսեց իր գրքի վերջին հրատարակության մասին: «Անհարմար Ցեղասպանություն. ո՞վ է հիմա հիշում հայերին» գիրքն առաջին անգամ հրատարակվել է 2014 թ. և ապա վերահրատարակվել 2015 թ.՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հիշատակության արարողությունների հետ կապված հայ համայնքի ձեռքբերումներին և հաջողություններին: Նա ողջունել է Հայոց ցեղասպանությունը կրթական ծրագրում ընդգրկելուն ուղղված ամերիկահայ համայնքի անխոնջ ջանքերը: «Մինչև Հայոց ցեղասպանությունից դասեր չքաղենք, չենք հասկանա Հոլոքոստը և դրան հաջորդած ցեղասպանությունները», - բացատրեց Ռոբերթսոնը: Ռոբերթսոնը խոսեց նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների իրավունքների մասին, և նա հավատացած է, որ «անկախությունը հնարավոր է»: «Համայն աշխարհի հայերն երախտապարտ են [պարոն Ռոբերթսոնին] ՝ ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի կողմից համակարգային ժխտումների ու պատմական փաստերի խեղաթյուրման, ոչ միայն Հայոց ցեղասպանության հավաստիության և հայ ժողովրդի արդարության վերականգնման օրինական պահանջի մասին ճշմարտությունն ասելու համար, այլև որպես հերոսական ու հպարտ արցախահայության ինքնորոշման և անձեռնմխելիության մարդու հիմնարար իրավունքների պաշտպան», - ասել է Համագումարի արևմտյան տարածաշրջանի տնօրեն Միհրան Թումաջանը: «Մեծ պատիվ էր հյուրընկալել պարոն Ռոբերթսոնին և լսել նրա խոսքը ոչ միայն իր գրքի մասին, այլ նաև վերջինիս մտքերն ու վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղում ընթացող հակամարտության վերաբերյալ. թեմա, որ շատ է մտահոգում մեր համայնքին», - հավելել է Համագումարի Արևմտյան տարածաշրջանի ղեկավար և համայնքային հարաբերությունների համակարգող Ալին Մակսուդյանը: