Եթե կոնսենսուս չլինի, պետք է շարունակել ԸՕ քննարկումերը. Պ. Սվիտալսկի
2017 թվականի խորհրդարանական ընտրությունները խորհրդանշելու են Հայաստանի ապագան և դա մեզ ազդանշան է ուղարկելու Սահմանադրական հանրաքվեի նպատակների առումով։ Այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Ընտրական օրենսգրքի շուրջ կազմակերպված քննարկմանը։ «Հայաստանը պետք է ազատվի կառավարվող ժողովրդավարության ճիրաններից։ Կառավարվող ժողովրդավարությունը պետք է լիներ խորհրդային հասարակարգից արևմտյան մոդելի անցման ընթացքում, սակայն կառավարվող ժողովրդավարության տարրերը դարձան շատ ավելի երկար, քան մարդիկ այստեղ և դրսում սպասում էին»,- նշել է դեսպանը։ Ըստ նրա՝ ԵՄ-ի համար ևս կարևոր է Ընտրական օրենսգրքի շուրջ ընթացող քննարկումները և վերջնական արդյունքը։ Պարոն Սվիտալսկիի պնդմամբ՝ կարևոր չէ, թե ինչ ծավալ ունի Ընտրական օրենսգիրքը։ Նա հիշում է գերմանացի իր գործընկերոջ պնդումը, թե Համբուրգի ԸՕ-ն ունի ընդամենը 8 էջ, և դա բավական է ժողովրդավարական ընտրություն անցկացնելու համար. «Հայաստանում ԸՕ-ն ունի 250-ից ավելի էջ, սակայն Հայաստանում կարիք կա վստահության բարձրացման։ Ընտրական օրենսգիրքը պետք է արտացոլի ԵԱՀԿ-ի և Վենետիկի հանձնաժողովի առաջարկները, մենք սպասում ենք այդ առաջարկների ներառմանը փաստաթղթում՝ կներառվե՞ն արդյոք, թե՝ ոչ»։ Պարոն դեսպանի պնդմամբ՝ իր համար հստակ է մեկ բան՝ եթե նույնիսկ քննարկումներից հետո բոլոր կողմերը գոհ չլինեն արդյունքներից, վերջնական կոնսենսուս չստացվի, պետք է շարունակել քննարկումերը. «Կոնսեսուսը համընդհանուր համաձայնություն չէ, այն առարկությունների բացակայություն է, եթե դա արվում է մեկ ընդհանուր կարևոր նպատակի համար»։ Եվրամիությունը, ըստ նրա, հետևելու է Հայաստանում ընթացող գործընթացներին և պետք է համոզված լինի, որ լավ է մշակված Ընտրական օրենսգիրքը. «Դրանով կարող ենք ասել՝ այո՝ Հայաստանում տեսնում ենք համապատասխան Եվրոպական արժեքներ, և, որ հետագայում կարող ենք ներդրումներ անել հետագա զարգացման համար։ Մի պաշտոնյա ինձ ասաց, որ այս ընտրությունները լինելու են տարածաշրջանում լավագույնը, հույս ունենք՝ դա կլինի 2011թվականի Վրաստանի ընտրության նման»,- եզրափակեց պարոն Սվիտալսկին։