Ստախոս նախագահ. Հարութ Սասունյանը` Օբամային (տեսանյութ)
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը ամոթանք է տալիս ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ Հայոց ցեղասպանություն բառը չարտասանելու համար: «Ամոթ իրեն, որ խոստում է տվել եւ չի հարգել: Վերջին ապրիլի 24- ն էր, որ կարող էր ասել: Ստախոս նախագահը պետք է անցնի, ինչպես նախորդները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նա: Հիշեցնենք, որ 2008 թվականին իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Օբաման խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հարութ Սասունյանը, սակայն, նշում է` անկախ նրանից ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարտասանի Հայոց ցեղասպանություն բառը, թե՝ ոչ, ԱՄՆ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը: «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիրն այսօր անդրադարձավ նաեւ Արցախի միջազգային ճանաչման խնդրին՝ նշելով, որ արդեն ԱՄՆ յոթ նահանգ ճանաչել է Արցախի անկախությունը: Նրա խոսքերով՝ շատերը հարց են բարձրացնում՝ ինչու Հայաստանը չի ճանաչում Արցախի անկախությունը. «Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ եթե ազերիները հարձակվեն, մենք կճանաչենք Արցախի անկախությունը: Այդ րոպեն շատ մոտ է, ոչ միայն պետք է ճանաչեն անկախությունը, այլև հայտարարեն, որ Արցախը Հայաստանի մի մասն է»,- եզրափակեց «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը: