Բաղրամյան պողոտայից վարչական բերման է ենթարկվել 42 անձ (տեսանյութ)
Այսօր «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը բողոքի երթ էր կազմակերպել դեպի նախագահական նստավայր՝ ԼՂ խնդրի որոշ հարցերի շուրջ նամակ հանձնելու համար, սակայն ոստիկանությունը կասեցրեց նրանց երթը։ Շարժման ներկայացուցիչները, ցանկանում էին երթով շարժվել դեպի Բաղրամյան 26՝ նախագահին պահանջ-նամակ հանձնելու նպատակով: Ակցիայի մասնակիցները պահանջում էին գումար հատկացնել վիրավոր զինծառայողներին, գումարներ գանձել մի շարք օլիգարխներից: Դեպի Բաղրամյան 26 տանող ճանապարհը սակայն փակվել է նրանց առջև: Ոստիկանությունը պատ կազմելով, թույլ չի տվել ակտիվիստներին շարժվել առաջ: Նրանք հավաքվածներին առաջարկել են, որ նստավայրին մոտենան մի քանի ակտիվիստներ, որը շարժման մասնակիցները մերժել են: «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության ակտիվիստներից շատերը ուղղակի չեն ենթարկվել հրամանին և փորձել են ճեղքել պատը: Նրանցից շատերին ոստիկանությունը բերման է ենթարկել, այդ թվում նաև «Առաջին լրատվականի» օպերատորներին՝ վնասելով նրանց տեսախցիկները: Ոստիկանները շարժման մասնակիցներին առաջարկել են տուն գնալ այլ ճանապարհով՝ ոչ Բաղրամյանով: Բաղրամյան պողոտայից վարչական բերման է ենթարկվել 42 անձ: Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրել են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Այդ անձինք վարչական ձերբակալման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180 հոդվածի 1ին մասի 11րդ և 15 –րդ կետերով նախատեսված հիմքով: