Ակցիա՝ Թուրքիայից և Ադրբեջանից ապրանքի ներմուծման դեմ (տեսանյութ)
«Բողոքի ակցիա՝ ընդդեմ թուրքական ապրանքի» նախաձեռնության անդամներն այսօր փոքրաթիվ կազմով եկել էին կառավարության մոտ։ Նրանք դիմում-նամակ հանձնեցին կառավարության աշխատակազմի նամակների բաժին։
Նախաձեռնության անդամ Արման Ղուկասյանն «Ա1+»-ի հետ զրույցում նշեց. «Ասացին, որ ամենաշատը մեկ ամսվա ընթացքում կպատասխանեն նամակին»։
Հարցին, թե ի՞նչ այլընտրանք է նախաձեռնությունն առաջարկում այս խնդրով, Արմանն ասաց. «Կան տնտեսագիտական ճշգրիտ հաշվարկներ, որ 2 տարում կարելի է ազատվել թուրքական ապրանքներից։ Թուրքականին կարելի է գտնել այլընտրանք. դա կարող է լինել իրանական, չինական շուկան և այլ շուկաներ։ Մենք նաև առաջարկում ենք միկրոբիզնեսը 2 տարով հարկերից ազատել»։
Բացի սրանցից, այլ առաջարկ էլ կա. «Մենք առաջարկում ենք օրինագիծ մշակել, քանի որ Հայաստանում չկա օրենք, որն արգելում է Թուրքիայից, Ադրբեջանից ապրանք ներմուծել։ Հայտնի է, որ 2 տարի առաջ խանութներից ադրբեջանական սխտոր էին գտել։ Պետք է լինի նաև հասարակության կամքը. 1991 թվականից մենք սովորել ենք Թուրքիայից ապրանք ներմուծելուն։ Հիմա մենք առաջարկում ենք այլընտրանքային ճանապարհներ։ Ազգային արժանապատվությունից և անվտանգությունից ելնելով՝ պետք է հասկանալ, որ Թուրքիան ահաբեկչության հովանավոր է։ Այս կոչը պետք է լինի ողջ հայությանն ամբողջ աշխարհում»,-շեշտեց նախաձեռնության անդամը։
