Ստամբուլահայ լրագրողին զվարճալի է թվում Դավութօղլուի խոսքը (տեսանյութ)
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ԵԽԽՎ մտնելուց առաջ տարածքում մոտ երկու ժամ աշխատում են անվտանգության ծառայության շները։ Անվտանգության նկատառումներով դադարեցված է նույնիսկ Եվրախորհրդի շենքի վերելակների աշխատանքը։ Վարչապետը գալիս է։ Նրան անձամբ է դիմավորում ադրբեջանամետի համբավ ունեցող ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը։ Իսկ Եվրախորհրդի շենքի մոտ բողոքի ցույց են անում քրդերը, որոնց մի մասը Ստրասբուրգ է եկել Գերմանիայից։ Նրանք Թուրքիային մեղադրում են քրդերի հանդեպ ֆաշիստական վերաբերմունքի համար եւ պահանջում Թուրքիայի նախագահ Էրդողանի հրաժարականը։ «Մենք բողոքում ենք քրդերի ու հայերի դեմ Թուրքիայի իրականացվող քաղաքականությունից։ Ես կարծում եմ, որ Էրդողանը մարդասպան է, քանի որ Թուրքիայում նա սպանում է քրդերին»,- ասում էքուրդ ուսանող Ջան Չոլարը։ Արդեն ԵԽԽՎ լիագումար նիստում ելույթ ունենալով Թուրքիայի վարչապետն անդրադառնում է Ղարաբաղի խնդրին։ Նա ասում է՝ Արցախում ստատուս քվոն պահպանել հնարավոր չէ. «Հայաստանն Ադրբեջանի դեմ ագրեսիա է սանձազերծել: Լեռնային Ղարաբաղում բռնությունների ահագնացումը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ ԼՂ-ում ստատուս քվոն հնարավոր չէ պահպանել, որ տեղի է ունեցել կրակի դադարեցման համաձայնության խախտում, իսկ այժմ լարվածություն է նկատվում նաև Նախիջևանում»,- խոսում է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։ Դավութօղլուին հարցեր տալու ժամանակ գրեթե չի եղել, այնքան երկար է եղել նրա խոսքը։ Նա ասել է նաեւ, որ Թուրքիան Եվրոպայի անքակտելի մասն է, սակայն արժեքներ կան, որ Եվրոմիության անդամակցությանը հավակնող այդ պետության համար ընդունելի չեն։ Ստամբուլահայ լրագրող Րաֆֆի Հերմոն Արաքսին սա զվարճալի է թվում. «Դու պարտավոր ես ընդունելու եւ պարտավոր ես խելքդ գլուխդ հավաքելու եւ պարտավոր ես ինչ-որ պակաս կողմեր ունես, էդ պակաս կողմերդ լավացնելու համար աշխատել»։ Ի դեպ, ստամբուլցի լրագրողը պաշտոնապես հայտարարեց, որ Թուրքիան արդեն 6-րդ տարին չլսված բան է անում՝ իր փողոցներում պաշտոնապես ոգեկոչում է Հայոց Ցեղասպանությունը. «Եվ թուրքական ոստիկանությունը հարյուրավոր ոստիկաններով պաշտպանում է ցուցարարներին, որպեսզի ազգայնամոլները ամենադույզն վնաս չտան»,- ասում է Րաֆֆի Հերմոն Արաքսը ։ Ըստ լրագրողի, զուտ ոճական խնդիր է ցեղասպանությունը չընդունելը, սակայն այլեւս հնարավոր չէ ասել, որ Թուրքիայի այսօրվա իշխանությունները նույնն են, ինչ 18 տարի առաջվա իշխանություններն էին, որոնց օրոք նման ոգեկոչումները բացառված էին։