Ցեղասպանության մասին ֆիլմ՝ պատանիների համար (տեսանյութ)
Ֆիլմ ցեղասպանության մասին՝ առանց գլխատման եւ բռնաբարության դաժան տեսարանների: «Ավագյան» փրոդաքշնի ներկայացրած «Կանչ» ֆիլմը հատուկ, պատանիների համար է: Այն ոչ թե պատմում է 100 տարի առաջ թուրքերի կատարած վայրագությունների մասին, այլ ցույց է տալիս հայ պատանու օրինակ, որ կարողացավ պահել իր ինքնությունը՝անգամ թուրքի լծի տակ: Ֆիլմը պատմում է հայ պատանի Վարդանի մասին: Նա ամբողջ ֆիլմի ընթացքում չի նահանջում, պայքարում է իր կյանքի, իր հավատքի ու ազատության համար: «Ինքը չի թրքանում, իր պապն է միշտ հիշողությանը գալիս, իր ընտանիքը, նույնիսկ նամազներին չի մասնակցում, այդ ժամանակ աղոթում է, այսինքն՝ պահպանողական կերպար ենք ստեղծել»,- ասում է ֆիլմի պրոդյուսեր Հայկ Ավագյանը: Վարդանի պապի կերպարը կերտած վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանը այս թեմայով ֆիլմում առաջին անգամ է հանդես գալիս, բայց վստահեցնում է՝ կերպարն իր մեջ վաղուց էր հասունացել: Իր կերպարը բնորոշում է՝ իսկական հայ պապ, որն իր սերունդներին է փոխանցում ոչ թե նյութական այլ հոգեւոր ժառանգություն: «Պապը փոխանցում է թոռանը այբուբենը, ասում է՝ սա է մեր հոգին, սրանք են այն 36 զինվորները, որ պիտի պահպանեն մեր ազգը եւ դա իրականացվում է թոռան կողմից»: «Կանչ»-ը մեծ էկրաններին կլինի ապրիլի 20-ից: