Ագրամունդին պաշտպանեց Փաշաեւան
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդին այսօր անուղղակի մեղադրանք առաջադրվեց ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության սրման եւ զոհերի համար : ԵԽԽՎ ապրիլի 18-ի նիստի առաջին հատվածում, երբ քննարկվում էր Բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի աշխատանքների զեկույցը, հայ պատգամավորներից ելույթ ունեցան Սամվել Ֆարմանյանը, Հերմինե Նաղդալյանը եւ Նաիրա Զոհրաբյանը : Նրանք ընգծեցին, որ ԵԽԽՎ նախագահի գնահատականները համահունչ չեն իրավիճակին : Մասնավորապես` Նաիրա Զոհրաբյանը նրան համարեց Ադրբեջանի խոսնակ: Սամվել Ֆարմանյանը պատվիրակների ուշադրությունը հրավիրեց Ագրամունդի հռետորաբանությանը` գնահատելով այդ ի նպաստ Ադրբեջանի : Սա այնքան էլ դուր չեկավ ադրբեջանցի պատգամավոր Գամիրա Փաշաեւային, որն իր ելույթն օգտագործեց` պաշտպանելու համար Ագրամունդին՝ նրա հայտարարությունները համարելով արդարացի : Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նախագահը պարբերաբար պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը : Ելույթ ունեցավ նաեւ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը, որը եւս մեղադրեց ԵԽԽՎ պատվիրակներին, բայց նրա համար, որ նախորդ նստաշրջանում չի ընդունվել ադրբեջանամետ զեկույցը : Ըստ նրա` Ադրբեջանը մոտենում էր Արեւմուտքին , դրա համար էլ տեղի ունեցավ սադրանք : Նա նաեւ հայտարարեց, որ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում չի ապրում որեւէ ադրբեջանցի, մինչդեռ իրենց երկրում կան բազմաթիվ հայեր : Նա խոսեց բանակցությունների անհրաժեշտության մասին, երբ սեղանի մոտ կլինեն նաեւ Լեռնային Ղարաբաղի հայերը, ու նաեւ այնտեղ չապրող ադրբեջանցիները : Ինչպես եւ սպասվում էր, նա փորձում էր ապրիլյան պատերազմի ամբողջ մեղքը բարդել Հայաստանի վրա : Հերմինե Նաղդալյանն էլ իր խոսքում ակնարկեց,որ ԻՊ վարձկանները մասնակցել են ադրբեջանական ագրեսիային ընդդեմ Հայաստանի: Ի դեպ,ԵԽԽՎ նախագահը հայ պատվիրակների մեղադրանքներին չարձագանքեց: