ՀՀԿ պատգամավորները՝ Սեյրան Օհանյանի հետ հանդիպման մասին (տեսանյութ)
Քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ խորհրդի նիստը, որին մասնակցել է Սերժ Սարգսյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Քննարկվել է ռազմական ընդհանուր վիճակը: Նիստը եղել է դռնփակ: ՀՀԿ անդամների հավաստմամբ՝ քննարկվել է միայն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլմեկյան իրադարձություններն ու դրանից հետո ստեղծված իրավիճակը:
«Խոսել ենք այն մասին, ինչը վերջին օրերին խոսում ենք: Շատ կարևոր էր մեզ համար, որպեսզի տեղեկատվությունը ստանայինք նաև պաշտպանության նախարարից: Այն, ինչ պաշտոնական մամուլում մինչև հիմա կարդացել եք, այդ շրջանակներում է եղել խոսակցությունը»,-դուրս գալով կուսակցության գրասենյակից «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը:
ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Արտակ Զաքարյանն էլ չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվել: Նա նշեց միայն հետևյալը.
« Ընդհանուր իրավիճակն է քննարկվել՝ հետագա անելիքներով հանդերձ: Եթե դռնփակ նիստ է եղել ու ես հիմա պետք է ամբողջը ձեզ ներկայացնեմ, ապա դռնփակի իմաստ չկա: Ամեն ինչ իր բնական հունի մեջ է, իր բնական հունով շարժվում ենք առաջ: Ներկայացվել են իրականացված և իրականացվելիք աշխատանքները»,-ասաց նա:
Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է, որ սահմանին կրկին լարված իրավիճակ է, ինչն էլ պատճառ է հանդիսացել նման հանդիպման համար, Արտակ Զաքարյանը պատասխանեց.
«Մենք պետք է միշտ պատրաստ լինենք ցանկացած զարգացումների: Լարվածության վերաբերյալ ամեն օր ՊԲ-ն և ՀՀ ԶՈՒ-ն տեղեկատվություն է ներկայացնում հասարակությանը, բայց, իհարկե, ամեն ինչ վերահսկողության տակ է և ամուր պաշտպանական պատրաստվածությամբ»,-եզրափակեց նա:
Իսկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ընդհանրապես չպատասխանեց որևէ հարցի՝ ասելով, որ շտապում է:
Մանրամասները՝ տեսանյութում:
