Քաղաքապետարանը չի արտոնել զոհված զինվորի ընտանիքի համար դրամահավաքը (տեսանյութ)
«Օգնենք Քյարամ Սլոյանի ընտանիքին» նախաձեռնության անդամներն այսօր Հյուսիսային պողոտայում դրամահավաք էին կազմակերպել՝ ադրբեջանցիների կողմից դաժանաբար սպանված զինծառայող Քյարամ Սլոյանի ընտանիքին օգնելու համար: Նախաձեռնության անդամ Կարո Ղուկասյանը «Ա1+» -ի հետ զրույցում նշեց, որ միջոցառման իրականացման համար թույլտվություն ստանալու նպատակով դիմել են Երեւանի քաղաքապետարան, սակայն անհասկանալի պատճառներով մերժում են ստացել. «Խոսել ենք փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ: Ես չհասկացա նրա գիտության ցենզի մակարդակը: Ասում է՝ դրամահավաքի փոխարեն կարող էիք թռուցիկների վրա հայտարարություն տպել ու բաժանել քաղաքացիներին, բայց ես եմ՝ ուզում եմ 1000 դրամ փոխանցել, պետք է գնամ բանկ, որ բանկն էլ պահումնե՞ր անի: Ոչ ակցիա ենք անում, ոչ նռնակներ ենք բերել, որ պայթեցնենք, իմաստ չեմ տեսնում խոչընդոտելու»: Քիչ անց դրամահավաքը կազմակերպած անձանց եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցավ փոքրիկ վեճ: Ոստիկանները պնդում էին, որ դրամահավաքը օրինական չէ. «Քաղաքապետարանի կողմից հստակ որոշում չկա, որ կարող եք ակցիա անել կամ դրամահավաք: Մենք ինքներս ողջունում ենք, բայց դրամահավաքը վերահսկելի չէ, այն արտոնված չէ»,-ասացին նրանք: Երիտասարդներն էլ, իրենց հերթին, հարցնում էին՝ «Ես եմ ու սիրում եմ իմ գումարը արկղում պահել կամ դրամապանակի փոխարեն արկղով շրջել, ի՞նչ խնդիր կա»: Ավելին՝ տեսանյութով