ՊՆ խոսնակը փամփուշտների քչության մասին՝ անլուրջ է
«Էդ հուզական պատմությունները, որ զինվորը կրակել է մինչեւ վերջին փամփուշտը, չի նշանակում, որ զինվորը փամփուշտ չի ունեցել»,-այսօր ՊՆ-ում լրագրողներին վստահեցրեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նա մեկնաբանում էր վերջին օրերին տարբեր կայքերում քառօրյա պատերազմին մասնակցած որոշ զինվորների այն խոստովանությունները, որ կռվի ժամանակ փամփուշտների պակասություն են զգացել: Պարոն Հովհաննիսյանն ասում է, որ եթե զինվորն ասում է, որ կրակել է մինչեւ վերջին փամփուշտը, մենք չենք կարող ասել, թե ինքը ինչ մարտական խնդիր է լուծել: «Մարտական դիրքում զինվորը կարող է կրակել մինչեւ վերջին փամփուշտը, որովհետեւ էդ պահին այս կամ այն դիրքում հրետակոծության պատճառով իրեն հասած աջակից ուժերը չեն կարող մոտենալ, սա պատերազմ է»,-խոստովանում է ՊՆ խոսնակը: Նա անլուրջ է համարում խոսակցությունները, որ մեր զինվորները փամփուշտ չեն ունեցել կամ քիչ են ունեցել. «Հատկապես 2014 թվականից հետո մեր դիրքերում մեր զինվորները ջոկի մասշտաբով էն աստիճանի խտությամբ են սպառազինված եղել, որ առաջատար շատ պետությունների բանակներում դա չկա»: Խոսնակը վստահեցնում է, որ փամփուշտների պակասության ոչ մի հիմնավոր ապացույց լրատվամիջոցների ձեռքի տակ չկա: