Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապրիլյան պատերազմը` մտածողության փոփոխության հիմք (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sahm

Մեծ ուժգնությամբ հայաստանյան հասարակությունն արձագանքեց Արցախում բռնկված պատերազմին։ Ապրիլի առաջին չորս օրը հիմնավորապես փոխվեց նաև քաղաքացիների հոգեբանությունը։ «Հերոս էինք ընդունում նրան, ով նահատակվում է, այսօր մենք ունենք հերոսներ՝ 18 տարեկան երիտասարդ, ով հերոս է, որովհետև ավելի արագ կողմնորոշվեց, ավելի ճկուն եղավ»,- նշում է հոգեբան Աննա Բադալյանը։ 1990-ականների  արցախյան պատերազմի կենդանի հերոսները հաջորդած 22 տարվա ընթացքում այդ մարդիկ հասարակության մեջ երկրորդական դիրք զբաղեցրին՝  անտարբերության մատնվելով իշխանությունների կողմից։ Տիկին Բադալյանը նշում է. «Իրական հերոս թեկուզ հենց նրանք են, որ անտեսվելով շատ հաճախ, մոռացվելով շատ հաճախ դարձան մի բռունցք ու կանգնեցին պատանի, երիտասարդի կողքին»։ Գուցե հերոսանալու մղումն էր, որ ռազմական գործողությունների մասին լուրն առնելուն պես դիրքերում հայտնվեցին նաև հասարակության կողմից ոչ միանշանակ ընդունվող գործիչներ։ «Ցանկացած արհավիրքային իրավիճակում մի կաթիլ ջրի մեջ մարդկանց էությունը երևում է՝ մարդ, ով պոպուլիստ է, ուզում է իրեն ցույց տալ»,- ասում է հոգեբան Իրինա Ծատուրյանը։ Հոգեբանների պնդմամբ՝ ռազմաճակատից քաղաքացիական կյանք վերադարձած զինվորի նկատմամբ հասարակությունը առանձնահատուկ դիրքորոշում պետք է որդեգրի։ Պետք է հասկանալ՝ նրա մեջ դեռ երկար կմնան պատերազմի ծանր հիշողություններն ու տրավմատիկ ապրումներն էլ երկար ժամանակ կշարունակվեն։ Աննա Բադալյանը հետևյալ կերպ է մեկնաբանում իրավիճակը. «Ընկերը, որի հետ ինքը ապրում էր, նստում էր, որի հետ միգուցե և վիճել էլ էր, այդ մեղքի զգացումը իրեն դեռ երկար ժամանակ կտանջի։ Այստեղ պետք է նաև հասարակության ճիշտ մոտեցումը, երբեք ոչ մի անգամ խղճահարություն, բայց ընկալունակություն, որ ադապտացվեն»։ Իրինա Ծատուրյանը հավելում է. «Այդ տղաները պետք է դառնան օրինակ, զոհված տղաների անունով փողոց պիտի կոչվի, դպրոց կոչվի, քաղաք կոչվի, որ դա մնա, այդ տղաների անունը տալով ևս մեկ անգամ կարող ենք հաղթել»։ Այսքանով, սակայն, չեն ավարտվում մեր հասարակության անելիքները։ «էյֆորիաները, որ մենք հաղթող ենք մեզ չպիտի տանեն նրան, որ ոչինչ մենք փետը առած էլ պատերազմ կկրենք։ Մենք պետք է հասկանանք, որ պետք է լավ պատրաստված լինենք և զենքով, և գաղափարապես»։ Մասնագետները վստահ են՝ ապրիլյան պատերազմը որքան էլ որ անդառնալի կորուստներ բերեց, կարող է դառնալ մտածողության փոփոխության հիմք, բայց դրա համար  առաջին հերթին պետք է փոխվի իշխանության մտածելակերպը։