Հայաստանի մարզիկները օլիմպիական նոր ուղեգրեր նվաճեցին
Հայաստանի մարզիկները շարունակում են օլիմպիական ուղեգրեր նվաճել: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում մեր 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը կիսաեզրափակիչում հաղթել է իտալացի Մանուել Կապային եւ բռնցքամարտի Հայաստանի հավաքականի համար ապահովել առաջին օլիմպիական ուղեգիրը: Ռիո-2016-ին մասնակցելու իրավունք է նվաճել նաեւ ազատ ոճային ըմբշամարտիկ Գառնիկ Մնացականյանը: Սերբիայի Զրենյանին քաղաքում մեկնարկած վարկանիշային մրցաշարում մեր 57 կգ քաշային ըմբիշը հաղթելով բոլոր մրցակիցներին, մտավ եզրափակիչ եւ նույնպես օլիմպիական ուղեգիր նվաճեց: Իսկ ահա 59 կգ քաշային Ռոման Ամոյանին եւ 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանին դա չի հաջողվել: