Հենրիխ Մխիթարյանի գոլը եւ «Լիվերպուլի» խելահեղությունը
Դորտմունդի «Բորուսիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, չկարողացավ հաղթահարել Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի արգելքը: Անգլիական «Լիվերպուլի» հետ պատասխան խաղում դորտմունդցիներին հարկավոր էր գոլեր խփել, քանի որ մեկ շաբաթ առաջ սեփական դաշտում կայացած խաղում ոչ-ոքի էին խաղացել մրցակցի հետ՝ 1:1: «Բորուսիան» շատ արագ լուծեց այդ խնդիրը եւ առաջին տասը րոպեներին երկու գնդակ ուղարկեց դաշտի տերերի դարպասը, որից առաջինը հեղինակեց մեր ֆուտբոլիստը: Ընդմիջումից հետո թիմերը մեկական գոլ փոխանակեցին եւ հաշիվը դարձավ 3:1՝ հօգուտ «Բորուսիայի»: Թվում էր թե, Հենրիխ Մխիթարյանի թիմը հանգիստ կմտնի կիսաեզրափակիչ, սակայն հանդիպման վերջին 20 րոպեներին «Լիվերպուլն» այնպիսի խելահեղ տեմպ հաղորդեց իր գրոհներին, որ դորտմունդցիները տեղի տվեցին եւ չկարողացան դիմակայել դրանց: Արդյունքում, դաշտի տերերը խաղի ավելացված ժամանակում չորրորդ գոլը խփեցին եւ տարան գերկամային հաղթանակ՝ 4:3:
«Լիվերպուլից» բացի կիսաեզրափակիչ փուլ մտան նաեւ Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմը՝ Դոնեցկի «Շախտյորը», իսպանական «Սեւիլյան» ու «Վիլյառեալը»: Այս փուլի վիճակահանությունը տեղի կունենա այսօր, ՈւԵՖԱ-ի նստավայրում: