Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այնտեղ պատերազմական գործողություններ են, այստեղ՝ հրադադար» (տեսանյութ)

Քաղաքականություն
zurabyan-1

1994թ. սկսած, մինչեւ 1998թ. ներառյալ, Ղարաբաղը հակամարտության կարգավորման բանակցություններում լիարժեք կողմ է եղել: ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը պատասխանում է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը, թե ԼՂՀ-ն բանակցային գործընթացից դուրս մնաց 1997թ., երբ ՀՀ նախագահը դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր. «Հարցրեք պարոն Օսկանյանին, 1998թ. ընդհանուր պետության առաջարկը ուղարկվել է երեք բանակցող կողմերին, թե՞ ոչ: Բոլոր այս հարցերի միակ պատասխանը այո-ն է»: Խոստանալով հետագայում փակագծերն ավելի բացել, Լեւոն Զուրաբյանը պարզապես ընդգծեց ՝ 2001թ. Քի Վեսթյան գործընթացի արդյունքում, երբ ՀՀ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, իսկ ԱԳՆ-ն Վարդան Օսկանյանը, պաշտոնական առաջարկություններն ուղարկվեցին արդեն միայն Երեւան եւ Բաքու. «Հենց Քի Վեսթյան բանակցությունների պատճառով Ղարաբաղը դուրս ընկավ գործընթացից: Սա այն գործընթացն էր, որ թաղեց ԼՂՀ մասնակցությունը բանակցային գործընթացում»: Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան հանդիպմանը՝ Լեւոն Զուրաբյանը նշեց. սա աջակցություն է ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ ազգային միասնականությանը. «Մեր այս ելույթները տպել են և ուղարկել զինվորներին, քանի որ համարել են, որ դա շատ մեծ ազդեցություն է ունենում զինվորի ոգու բարձրացման վրա»: Նա հիշեցնում է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտի, ինչպես վարվել պատերազմական իրավիճակներում. «Այնտեղ պատերազմական գործողություններ են, այստեղ հրադադար է, այնտեղ խաղաղ վիճակ է՝ ավարտվում է այստեղի հրադադարը»: Թե ինչու հանդիպման վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի վերաբերմունքը եղավ բացասական, Լեւոն Զուրաբյանը մեկ պատասխան ունի. «Դե, երեւի պատմություն չի կարդացել: Չգիտի՝ նման իրավիճակներում ինչպես են իրենց պահում պետական մտածողություն ունեցող ուժերը»: