Ընդդիմությունը գնում է կոմպրոմիսի
Ժողովրդավարության Ազգային Պլատֆորմի եւ իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ հանդիպմանն այսօր ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նախ նշեց, որ երկու օր է՝ ԼՂՀ-ում էին ՀՀ ԱԺ պատվիրակությամբ եւ հանդիպել ԼՂՀ ԱԺ, ինչպես նաեւ՝ նախագահ Բակո Սահակյանի հետ, եղել զինվորական դիրքերում: Ինչ վերաբերում է 4+4+4 ձեւաչափով հանդիպումներին, ապա Լեւոն Զուրաբյանը նշեց, որ այդ հանդիպումները չափազանց թափանցիկ են եղել. «Մի մտավախություն ունենք իշխանությունների հետ բանակցությունների առումով. իշխանությունները եկել են մի կոնտր առաջարկով՝ էլեկտրոնային համակարգով գրանցմանը, որը իբր լուծելու է այն բոլոր հարցերը, որոնք մենք բարձրացրել ենք մեր հինգ առաջարկներով: Մենք սա համարում ենք քողարկված միջոց՝ մերժելու մեր առաջարկները: Ընդհանրապես, մենք անվստահություն ունենք յուրաքանչյուր էլեկտրոնային սարքավորումների նկատմամբ: Ծրագրավորողները մեզ զգուշացնում են՝ որեւէ համակարգ չի կարող հուսալիորեն կառուցվել մեկ տարվա ընթացքում: Ինչպես նաեւ՝ եթե իշխանություններն ունեն ընտրակեղծարարության տարիների փորձ, ապա էլեկտրոնային համակարգը այն բազմապատկելու է ու դա անելու է շատ ավելի նուրբ ձեւերով ու նեղ շրջանակ մարդկանց են ներգրավելու՝ այդպիսով դժվարացնելով ստուգման հնարավորությունները»: Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք գնում են կոմպրոմիսի. «Թող լինի էլեկտրոնային տարբերակը, սակայն զուգահեռ լինի թղթարարությունը, որը լրացուցիչ երաշխիք կլինի: Այս երկու տարբերակն իրար բացառող չպետք է լինի, այլ զուգորդող»: