Շախմատի հայկական դերբի ունիվերսիադայում
Աբու Դաբիում ընթացող շախմատի համաշխարհային ունիվերսիադայում այսօր առավոտյան կայացան 6-րդ տուրի պարտիաները: Մեր գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Վեդոսեեւի հետ եւ առաջին կես միավորը կորցրեց: Չնայած դրան, մեր շախմատիստը շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: Այսօր երեկոյան նախատեսված 7-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանը սեւերով ստիպված է հանդիպել իր հայրենակից Սամվել Տեր-Սահակյանի հետ, որն անցած տուրում խաղաղ դաշն է կնքել իրանցի Պույա Իդանիի հետ եւ 4,5 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: Ավաղ, շախմատային համակարգչի պատճառով մեր գրոսմայստերները կարող են միավոր կորցնել, ինչն անցանկալի է նման մրցաշարերի վերջին տուրերում: Աղջիկների մրցաշարում հանդես եկող մեր միակ ներկայացուցիչ Մարիա Գեւորգյանը, ցավոք, 6-րդ տուրում պարտվեց չինուհի Շիկուն Նիին եւ առաջին տեղը զիջեց հենց նրան: Այսօր երեկոյան նա ուժերը կչափի լեհ գրոսմայստեր Կլաուդիա Կուլոնի հետ: Հավելենք, որ ունիվերսիադայի ավարտին մնացել է ընդամենը երեք տուր: