Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նավթ չունենք, բայց խելք ունենք». կոչ՝ գիտնականներին (տեսանյութ)

Քաղաքականություն
Azatamartik-nkar

Արցախյան ազատամարտի վետերանների միությունից շուրջ 260 անձ է մեկնել ԼՂՀ սահման՝ աջակցելու երիտասարդ զինվորներին։ «Կա այդ ոգին, եկել, որպես կամավորական հերթագրվել են։ Այն ժամանակ էլ՝ 90-ականներին, գալիս էին Կոնսերվատորիայից, Բժշկականից, ասում էին՝ մեզ էլ զենք տվեք, մենք էլ ենք ուզում գնալ՝ մեր երկիրը պաշտպանելու»,-այսօր ասաց միության պատվավոր նախագահ Համլետ Հովսեփյանը։ Նա կարևոր է համարում բանակը զենքի տեսանկյունից ուժեղացնելու խնդիրը, որի համար կոչ ուղղեց առաջին հերթին գիտնականներին. «90 թվականին մենք ունեինք զենքեր, դրանով կռվում էինք, կար ոգի՝ դրանով հաղթում էինք։ Այսօր էլ կա ոգի, բայց թշնամին կատարելագործվել է։ Կոչ եմ անում մեր ամբողջ գիտական պոտենցիալը՝ Հայաստան՝ ի սփյուռս, համախմբել ուժերը։ Կարճ ժամանակում մենք կարող ենք այնպիսի տեխնիկական հնարավորություններ ստեղծել, որ ոչ ոք համարձակություն չունենա մեր զինվորի վրա կրակելու։ Մենք ճիշտ է՝ նավթ, գազ չունենք, բայց խելք ունենք»։ «Ա1+»-ի դիտարկմանը, թե խնդիրը լուծելու համար պետք է պետությունը միջոցներ տրամադրի, բայց հաճախ վատնումների դեպքեր են լինում, պարոն Հովսեփյանն արձագանքեց. «Համամիտ եմ ձեզ հետ, որ ցանկացած տեխնոլոգիա ստեղծելու համար ֆինանս է պետք, բայց հարկավոր է նախ իմանալ՝ որտեղ ինչ գիտական պոտենցիալ ունենք։ Ես համոզված եմ, որ այս կոչին կարձագանքեն մեր գիտնականները»։ Նա կարևորում է ուժերի համախմբումը, որի միջոցով կարող ենք հստակ քայլեր իրականացնել. «Եվ իշխանությանը, և ընդդիմությանը  կոչ եմ անում. հարկավոր է դեմքով շուռ գալ դեպի մեր ժողովուրդը, մտածել, տեսնել՝ ինչ է հնարավոր անել»։ Արաբո ջոկատի անդամ Սեյրան Գրիգորյանն էլ իր հիացմունքը հայտնեց սահմանը պահող տղաների վերաբերյալ. «Տղաները, որ կանգնած են սահմանին, նրանցից ամեն մեկը մի հերոս է։ Նրանք կռվում էին ոչ թե հերոսաբար մեռնելու, այլ հերոսաբար կռվելու համար։ Սա պետք է տարբերակենք»։ Ազատամարտիկը շեշտեց՝ խնդիրներ կան, որ քաղաքական ու դիվանագիտական շերտեր ունեն, որոնց շատ դեպքերում չենք տիրապետում։ «Օրինակ Ռուսաստանն ունի նաև այլ շահեր, որոնք ինքն է պահում, չնայած մենք չենք կարող այդ շահերի հետ համաձայնել։ Մենք մեր կենսական շահերն ունենք և Հայաստանում պաշտպանում ենք հենց Ռուսաստանի շահը։ Եվ դա ոչ այսօր է սկսվել, ոչ 50, 100 տարի առաջ, այլ մի քանի հարյուր տարի է»։